Կորխ, Թոթխամ, Օրջա գյուղերում կարտոֆիլի բերքատվությունից դժգոհ են: Վատ բերքը այստեղ բացատրում են ոռոգման համակարգի բացակայությամբ:
Կորխ, Թոթխամ, Օրջա գյուղերը Ախալքալաքի շրջանի հյուսիս-արևմուտքում են գտնվում: Այս գյուղերի բնակչության գերակշիռ մասը 90-ականների վերջ արտագաղթել է: Հիմնական պատճառը ոչ միայն աշխատատեղերի բացակայությունն էր, այլև կենսապայմանների:
Այս գյուղերը գտնվում են ծովի մակերևույթից 1600-1700մ բարձրության վրա: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Խիստ ձմեռվա տևողությունը, միջին հաշվով, 6-7 ամիս է:
Գուրգեն Իրիցյանը Կորխ գյուղից նշում է. «Վերջապես խմելու ջուր ունենք, բայց դա փոր չի կշտացնում, սովետը քանդվեց, դրանից հետո մեր դաշտերը ոռոգման ջուր չտեսան: Մեր ամենակարևոր խնդիրը ոռոգման ջուրն է: Ջուրը, որ եղավ, աշխատանքդ պտուղ կտա: Ինչքան կարելի է նստել, սպասել Ռուսաստանից մի երկու կոպեկ ուղարկեն, որ յոլա գնանք»:
Ցանքատարածքները ջրովի չեն ոռոգման համակարգ չունենալու պատճառով: Դա դժվարացնում է գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ու նվազեցնում է բերքատվությունը: Մարդիկ հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ:
Այս տարի չոր եղանակի պատճառով կարտոֆիլի բերքատվությունը Կորխ, Թոթխամ և Օրջա գյուղերում, բնակիչների խոսքերով, միջինից էլ ցածր է: Կարտոֆիլի բերքատվությունն այս գյուղերում մեղմ ասած կախված է բնության քմահաճույքից: Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի մեծ մասը:
Գրիգոր պապն իր երեք աղջիկներին ամուսնացնելուց հետո կնոջ հետ մենակ է ապրում: Կարտոֆիլ է մշակում, անասուններ է պահում, որ կարողանա իր փոքրիկ ընտանիքի գոյությունն ապահովի, սակայն…
«Հողի հետ կռիվ ենք տալիս, օգուտն ինչ, արդյունք չկա: 20 պարկ կարտոֆիլ եմ ցանել, փոխարենը հավաքել եմ 12: Մեր հույսը եղանակն է, ինքն է որոշում մեր բախտը: Ամառն անցավ, անձրև այդպես էլ չեկավ: Թե կարող եք, մեր ձայնը հասցրեք վերևներ, տեսեք գյուղը դատարկվել է, այսպես շարունակվի տարեցներն էլ գյուղը կթողնեն ու կհեռանան», – սրտնեղած ասաց Գրիգոր պապն ու շարունակեց ճանապարհը:
Գյուղաբնակները դժգոհում են նաև վառելափայտի թանկությունից: Բեռնատար մեքենաների մի շարք վառելափայտն այս տարի 480-500 լարիի սահմաններում է տատանվում: Կենսաթողակի հույսին ապրող ընտանիքները չգիտեն ինչպես են «ձմռան տակից դուրս գալու»:
«Մենք մեծ ենք, դիմանում ենք, երեխաներն ինչ անեն, չգիտենք ինչով ենք տաքանալու ձմռանը: Տղաս այդքան էլ լավ չի աշխատել Ռուսաստանում, շվարել ենք երեք երեխաների հետ ինչ ենք անելու: Աշխատատեղ չկա, մի գործ չկա մարդ գնա աշխատի, գոնե պարապ-սարապ ամբողջ օրը նարդի չխաղա: Գալիս ենք այստեղ մեր դարդերը մոռանալու»,- ասաց մի բնակիչ:
Աղունիկ Այվազյան