Նրանք ապրում են արտասովոր գեղեցկության մեջ, բայց շատ դժվարին պայմաններում, կախված են զբոսաշրջիկների հոսքից և ձյան առատությունից: Ձմռանը նրանք թողնում են իրենց տները, գարնանը վերադառնում են ու ապրում այնտեղ մինչ ուշ աշուն:

Ստեփանծմինդա հասանք ուշ երեկոյան: Գիշերվա խավարում չէր երևում շրջակա լեռների վեհությունը: Բայց առավոտը մեզ բացեց անմոռանալի բնանկար. բարձր ու վսեմ լեռները խոյանում էին գյուղի շուրջ, կարծես պահպանելով փոքրաքանակ բնակչության անդորրը: Կազբեգի բարձրադիր շրջանը գտնվում է Կազբեգ լեռան ստորոտում: Ստեփանծմինդան շրջանի վարչական կենտրոնն է:

Այստեղ իշխում է ժամանակը, երբ ձմեռն ու աշունը պայքարում են միմյանց հետ: Ձմեռը իջնում է լեռներից, իսկ աշունը ներքևում դեռ շարունակում է դիմակայել: Լեռների գագաթները ծածկված են ձյունաշերտով, իսկ ծառերը գունավոր տերևներով:

kazbegi2

Գերգեթիի Սուրբ Երրորդության եկեղեցին գյուղի տեսարժան վայրերից մեկն է և նրա խորհրդանիշը: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում: Այն գտնվում է Ստեփանծմինդա ավանի վերևում՝ 2170 մ բարձրության վրա: Գյուղից դեպի եկեղեցի 7 կմ բարձրություն է: Այնտեղ կարելի է հասնել ոտքով կամ ամենագնացով: Ամենագնացի ուղևորները սրտի տրոփով սպասում են, թե երբ են անցնելու նեղ և ոլորաններով ճանապարհը, սակայն տեղացի վարորդները հանգիստ են վարում, տեղ- տեղ զիջելով ճանապարհը մեկը մյուսին:

kazb

Գիան (այսպես էին կոչում մեր վարորդին), ամբողջ զբոսաշրջային սեզոնի ընթացքում՝ մարտից մինչ հոկտեմբերի վերջ, ուղևորներին տանում է լեռան բարձրունք և հետ: Դրանով նա պահում է իր ընտանիքը:
«Հիմա շատ զբոսաշրջիկներ են գալիս, ու հիմա ավելի լավ է, քան նախկինում: Օրվա ընթացքում լինում է 3 ուղևորություն (ռեյս): Աշխատում ենք զբոսաշրջային շրջանում, 3-4 ամիս հանգստանում ենք: Սեզոնին վաստակած գումարը հազիվ հերքիում է ձմռանը, բայց միևնույնն է հիմա ավելի լավ է: Հիմա նույնիսկ շատերը սկսել են ետ վերադառնալ », – ասում է Գիան:

Մեր հարցին, թե ինչ եք անում ձմռանը, նա կես կատակ պատասխանեց. «Ամռանը պատրաստած գինին ենք խմում»:

kazbeg

Քաղաքի միջով հոսում է Թերեք գետը: Գետի ձախ կողմում գտնվում է Ստեփանծմինդա բնակավայրը, իսկ աջ կողմում՝ Գերգեթի գյուղը: Սակայն վաղուց այն դարձել է Ստեփանծմինդայի մի մասը:

10 տարի առաջ ավանը կոչվում էր Կազբեգի, հետո վերանվանվեց Ստեփանծմինդա: Այն գտնվում է Թբիլիսիից 150-165 կմ հեռավորության վրա: Կազբեգի քաղաքապետարանում գրանցված է մոտ 3500 մարդ, սակայն ձմռանը նրանց թիվը նվազում է մինչ 2500 մարդ: Իսկ Ստեփանծմինդա քաղաքում ձմռանը մնում է մոտ 500 մարդ: Բնակիչները այստեղ ապրում են զբոսաշրջային շրջանում, իսկ ձմռանը մեկնում են: Կազբեգի քաղաքապետարանում կա 40 գյուղ, որոնցից ներկայումս բնակելի են ընդամենը 22 գյուղը, մնացածը՝ դատարկ են, մարդիկ ընդմիշտ հեռացել են այդտեղից:

Տեղացիների եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է: Գյուղատնտեսությունն այնքան էլ զարգացած չէ, աճեցնում են կարտոֆիլ և սալաթի տերև: Անասնաբուծությունը նույնպես այդքան էլ զարգացած չէ, քանի որ, ըստ տեղացիների, արոտավայրերը շատ քիչ են:

kazbegi4

Սակայն, կան մարդիկ ովքեր այստեղ են տեղափոխվել մշտական բնակության: Նանա Քարելիձեն և նրա ընտանիքը 6 տարի առաջ եկել են Թբիլիսիից և չեն զղջում դրա համար: Նրա մայրը այս շրջաններից է: Նա բացել է ընտանեկան բիզնես՝ հոսթել: Ըստ Նանայի, զբոսաշրջիկներին այստեղ ձգում են գեղեցիկ լեռները, Գերգեթիի սառցադաշտը, օթերևութաբանական կայանը:

«Զբոսաշրջիկները շատ են: Մեր հոսթել առաջին տարում 30 երկրներից զբոսաշրջիկներ են եկել: Հատկապես շատ էր 2012-2013 թթ.-ին, հիմնականում Լեհաստանից, Ուկրաինայից էին: Այս տարի շատ էին Գերմանիայից, Չեխիայից, եկել էին Նոր Զելանդիայից, Ավստրալիայից: Անհնար է ասել, որ երկրից են ավելի շատ զբոսաշրջիկները », – ասում է Նանա Քարելիձեն:

Կազբեգի ստորոտում զբոսաշրջիկների պակաս չկա: Սակայն կա զբոսաշրջիկների համար զվարճանքի ծառայության պակաս, վատ եղանակին նրանք չգիտեն ինչով զբաղվեն, ու երկար չեն մնում այնտեղ:

kazbegi7

Լինում է, որ ձմռանը մեկ շաբաթով ճանապարհը փակվում է, այդ ժամանակ բնակիչները Թբիլիսի են հասնում, միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ուղղաթիռի միջոցով: Վերջին երեք տարիների ընթացքում զբոսաշրջիկները ձմռանը նույնպես գալիս են, քանի որ հայտնի է դարձել` Ski Tour- ը (երկար ու հարմարավետ վերելք և արտասովոր վայրէջք):

kazbegi5

Շորենա Սուդաշվիլին ձմռանը բնակվում է Թբիլիսիում, իսկ ամռանը գալիս է Ստեփանծմինդա:

«Հիմնականում մենք բոլորս զբաղվում ենք զբոսաշրջիկների ընդունելությամբ: 7 ամիս աշխատում ենք, հետո նստում տանը, աշխատում են միայն նրանք, ովքեր աշխատում են պետական հաստատություններում: Այժմ կառուցվում է Կազբեգի-Գուդաուրի ճոպանուղին, և մենք հույս ունենք, որ ձմռանը շատ զբոսաշրջիկներ կլինեն », – ասում է Շորենա Սուդաշվիլին:

Մենք հեռացանք Ստեփանծմինդայից, բայց արևի շողերի տակ փայլող լեռնագագաթները երկար ժամանակ ձգում էին մեզ իրենց գեղեցկությամբ:

Շուշան Շիրինյան