Ախալքալաքի կին ընտրողները տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում մասնակցող քաղաքապետի թեկնածուների մոտ բարձրացրեցին իրենց հուզող հարցերը և ներկայացրեցին չորս կարևոր խնդիրներ, որոնք ընտրել էին նախապես անցկացված թրեյնինգների ժամանակ:
Թեկնածուների և ընտրողների հանդիպումն անցկացվեց հոկտեմբերի 7-ին «Ռոնդելիի հիմնադրամ»-ի գրասենյակում, որը վարեց Լևան Միքելաձեի անվան հիմնադրամի տնօրեն Արչիլ Գեգեշաձեն:
Հանդիպմանը հրավիրված էին Ախալքալաքի քաղաքապետի բոլոր 6 թեկնածուները, սակայն ներկա էին «Դեմոկրատական շարժում–Ազատ Վրաստան» կուսակցության Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը, «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության Ախալքալաքի թեկնածու Սամվել Պետրոսյանը և «Վրացական երազանք–դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Յուրիկ Ունանյանի փոխարեն կուսակցության նախընտրական շտաբի տնօրեն Ջումբեր Լոմսաձեն: Մյուս Կուսակցություններից առաջադրված թեկնածուները հանդիպմանը ներկա չէին։
Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևով:
Հավաքվածները չորս կարևոր հարցեր հնչեցրին, որոնք նախօրոք առանձնացրել էին: Առաջինը ներկայացրեց Մարիամ Գինոսյանը, այն վերաբերում էր գյուղերի և քաղաքի գրադարանների անմխիթար վիճակին, երկրորդ կարևոր հարցը թափառող շների վտանգավորության հարցն էր, երրորդը՝ կանանց աշխատանքային խնդիրները և չորրորդը կնոջ իրավունքների պաշտպանության խնդիրն էր:
Բացի այս չորս հարցերից բարձրացվեց երեխաների, տարեցների և երիտասարդների համար ժամանցային կենտրոնների բացակայության հարցը:
Ներկայացված հարցերի վերաբերյալ թեկնածուները առաջարկեցին իրենց լուծումները, որոնք հիմնականում բխում էին բյուջեից: Օրինակ գրադարանների հարցի հետ կապված Մելիք Ռաիսյանն ասաց. «Ես համամաիտ եմ, այդ խնդիրը կա, և խնդրի լուծումը հնարավոր է։ Ընդհանրապես շրջանային վարչություններ կան, և եթե մշակույթի վարչություն բերեն մեր շրջան, կամ գյուղատնտեսական վարչություն, այդ դեպքում նշված ոլորտը կզարգանա և գալիք սերունդի համար ավելի լավ պայմաններ կլինեն»:
Սամվել Պետրոսյանը հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Գյուղերի գրադարանները իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ գրքերի ֆոնդի թարմացում չի եղել երկար ժամանակ, իսկ թարմացման համար հարկավոր է գումար։ Գրադարանի թարմացումը պետք է լինի հայալեզու գրքերի ուղղությամբ, քանի-որ շրջանի բնակչության 93 տոկոսը հայեր են»։
«Այստեղ ամենագլխավոր խնդիրը ֆինանսական է, և հաճելի կլինի եթե գրադարանները գործեն իրենց նպատակին և ես վստահեցնում եմ, որ եթե ընտրեք Յուրիկ Ունանյանին և նա լինի քաղաքապետ, ապա այդ հարցը 60-70 տոկոսով կստանա լուծում», – ասաց Յուրիկ Ունանյանի ներկայացուցիչ Ջումբեր Լոմսաձեն։
Այնուհետև հերթականությամբ ներկայացրեցին մյուս հարցերը, որոնց հետևեցին հերթական պատասխանները։ Ընտրված հարցերի և հարցերը ներկայացնողների վերաբերյալ մեր հարցերին Արչիլ Գեգեշաձեն պատասխանեց, որ մինչ այս հանդիպումը, նրանք ունեցել են ևս երեք հանդիպում, որի ընթացքում էլ ընտրվել են կանանց հուզող հարցերը, և, թե ով պետք է ներկայացնի տվյալ հարցերը։
Բարձր դասարանի աշակերտուհին բարձրաձայնեց Ախալքալաքում կանանց իրավունքների խախտման և նրանց աշխատավայրում տարբեր տեսակի բռնության ենթարկելու խնդիրը, որը թեկնածուների համար չնայած անակնկալ էր, սակայն ամեն դեպքում բոլորն էլ պատասխանեցին, որ կանանց իրավունքների պաշտպանությունը միանշանակ առաջնային է և պարտադիր։
Երեք ժամ տևող հանդիպումն ավարտվեց, բոլոր հարցերը քննարկեցին, և ինչպես պարզվեց դրանց լուծումները հնարավոր կլինեն, եթե բյուջեում լինի համապատասխան գումար և եթե այն ծառայի իր նպատակին։
Ջուլիետա Տոնականյան