Այսօր, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում անցկացվեց Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում:

Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներից անմասն չէր նաև Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնը: Այս առիթով կազմակերպվել էր հատուկ միջոցառում, որտեղ ԱԵԿ-ի սաների տարբեր խմբակների երեխաներ ներկայացան յուրովի՝ երգ, պար, բանաստեղծություն, թատերական ներկայացում, պատմողական դրվագներ: Ահա այս ամենի հանրագումարի արդյունքում երիտասարդական կենտրոնի սաները իրենց ընկալմամբ ներկայացրին Հայաստանի անկախության տոնին նվիրված իրենց իսկ պատկերացումները:

aek

Ամբողջ միջոցառումն ընթացավ Վրաստանի ու Հայաստանի կողք-կողքի շողշողացող դրոշների ներքո: Թատերական խմբակի երեխաները պատմական ակնարկ կատարեցին Հայաստան պետության անցած ուղին մինչև այսօր:

ԱԵԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանի խոսքով, կենտրոնն ամեն տարի ուսումնական տարվա սկիզբն ազդարարում է Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառմամբ:

aek2

«Անկախության տոնը մի տեսակ վերածնունդ է հիշեցնում: Մենք փորձեցինք միջոցառմանը ավելի մեծ թվով երեխաների ներգրավել, որպեսզի ավելի ամբողջական լինի: Իրենց մասնակցությունն ունեցան գրեթե բոլոր խմբակների սաները: Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ուզում եմ նշել, որ անկախությունը մեր առօրյա աշխատանքով կերտում ենք ամեն օր: Այսօր նշում ենք Հայաստանի անկախ պետականության վերակերտման 26-րդ տարեդարձը»,- ասաց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրենը:

aek1

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

aek4

Հայրենասիրական երգերի ու պարերի ուղեկցությամբ հայկական եռագույնի գույների փուչիկներ բաց թողնվեցին դեպի երկինք:

eraguyn

Աղունիկ Այվազյան