Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ, աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ, գիտնականներ ու լրագրողներ:

“Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն” խորագիրը կրող համաժողովի ընթացքում անցկացվեցին նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն առանձնացավ մի քանի դրվագներով, որոնք ամենաշատը քննարկվեցին:

«Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում»

Առաջինը դա Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ելույթն էր: Արամ Ա-ն ասաց, որ սփյուռքը Հայաստանի կյանքին մասնակցության «պայման» է դնում՝ իր մասնագետներով և համաշխարհային կապերով.

«Սփյուռքը պատահական ներդրումներից այն կողմ կոչված է լայնածավալ ծրագրերով մասնակից դառնալու, կշեշտեմ մասնակից դառնալու, Հայաստանի տնտեսության աճմանը: Սփյուռքի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը և Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը ենթադրում են սովորական ներդրումներից այն կողմ գործակցության դինամիկ մեխանիզմների ստեղծում, համաշխարհայնացած տնտեսության ընձեռած լայն կարողությունների ճիշտ օգտագործում»:

Կարո Փալյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ամենափայլուն կերպարը

Երկրորդը դա Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի ներկայությունն էր համաժողովին և նրա մեկնաբանությունները Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Կարո Փալյանը կարելի է ասել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի փայլող աստղն էր: Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնի ու հասարակական դիրքի ջանում էին սելֆի անել թուրքահայ քաղաքական գործչի հետ:

Karo-Rima

Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիայում ոչ քրդական հարցը կարող է լուծվել, ոչ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել, համարում է Թուրքիայի հայազգի պատգամավորը։

«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին: Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ», – ընդգծեց Կարո Փալյանը:

Վերջինիս խոսքերով վերջին երկու տարիներին Թուրքիայում աճում է ազգայնամոլության դրսևորումները. «Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ», – ասաց Փալյանը՝ ավելացնելով, որ մենք իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու:

Karo palyan

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը խառնաշփոթ առաջացրեց

Հաջորդը դա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն էր համաժողովին. «Հայաստանը քննարկում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր հանձնումն Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման և անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու»:

Անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ասաց. «Արցախի որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսում ՀՀ ԱԳ նախարարը, պնդելով, որ հանձնվելու են այն տարածքները, որոնք անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում՝ Մովսես Հակոբյանն ասել է. «Ես նման տարածքներ չգիտեմ դեռ»:

«Երբ հարցնում են հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել»

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի հիմնական լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա ռազմավարությունը, բարեփոխումների ուղղությունները, զարգացման ներուժը և երկրի նոր իմիջի օրակարգն է առաջարկել։

«Պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք կառուցել այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք»,- որպես հիմնական ուղերձ, իր ելույթում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր ելույթում նշել է, որ կառավարությունը առարկայական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի արդիականացման և թվայնացման համար, որի արդյունքում հավասար մրցակցային պայմաններ կձևավորվեն տեղական և օտարերկրյա ներդրողների համար։

Հետաքրքիր էր նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը հայությանը դիմեց. «Եկեք մյուս անգամ, որ ձեզ հարցնում են՝ ի՞նչ է Հայաստանը, պատմենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ շախմատն ընդունել է որպես դպրոցական կարգ, որ դպրոցը բոլոր ավատրողները շախմատ խաղալ գիտեն, որ մենք՝ հայերս, ստեղծագործ ենք, որ մենք ունենք Թումո, մի կառույց, որն աշխարհում ընդունված է որպես լավագույնը, որտեղ 12-18 տարեկան երեխաներն անվճար կարող են սովորել ամենաառաջնային տեխնոլոգիաները: Երբ հարցնում են հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել։ Մենք կարիք ունենք փոխելու Հայաստանի մասին մեր մտածելակերպը։ Մենք երկիր չենք, որ ունենք միայն մշակույթ, մենք երկիր ենք, որ ունենք ստեղծարար ժողովուրդ»,- նշեց հիմնադրամի ղեկավարը։

Հայաստան-Սփյուռք-Արցախ համաժողովի հայտարարությունը

Մի քանի, որ շարունակ քաղաքամայր Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովն ի բերելով աշխատանքների արդյունքները ընդունեց հայտարարություն.

«Առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման հրամայականով: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետևյալ նպատակների և խնդիրների իրագործմանը.

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացմանը, անվտանգության ամրապնդմանը, բարգավաճմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենադարձության քաջալերմանը, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման միջազգային ճանաչմանը:

Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ առավել համակարգված և միասնական քաղաքականության իրականացմանը, ցեղասպա­նությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային հանրության պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի` համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի վրա խարսխված բարոյական պարտք ողջ միջազգային հանրության առջև:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացում իրազեկվածության առավել բարձրացմանը, պատմական հիշողության պահպանման ու փոխանցման կարևորմանը եւ այդ հանցագործության ժխտման, նսեմացման դեմ պայքարի իրականացմանը՝ այդ թվում իրավունքի ուժով:

Աշխարհի տեղեկատվական տարբեր հարթակներում հայատյացության և հակահայ քարոզչության փորձերի դեմ միասնական պայքար ծավալելու և նման քաղաքականության ազդեցության չեզոքացման ուղղությամբ գործնական ծրագրերի և համակարգված գործունեության շարունակական իրականացմանը,

Հայության մեջ սիրո, համերաշխության, հանդուրժողականության, վստահության և միասնության ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,

Հայաստանի և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա լուծման ուղղություններով միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` նոր և ավանդական կառույցների միջոցով,

Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, աշխարհում հայկական մշակույթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման ուղղությամբ միասնական ջանքերի գործադրմանը,

Համաժողովի մասնակիցներս լիահույս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները»:

hamajoxovv

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի թեմատիկ քննարկումներն ընթացան բազմաթիվ մշակութային միջոցառումներով ու փառատոններով:

Նշենք, որ առաջին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ 2011 և 2014 թվականներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Աղունիկ Այվազյան