Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները տևական դադարից հետո կրկին շարունակվում են։ Գյուղում աշխատանքներից դժգոհ են:

Գումբուրդո տանող ճանապարհի հիմնական մասն արդեն ասֆալտապատ է։ Աշխատանքները իրականացրել են ճանապարհի երկու կողմերից և այս պահի դրությամբ միայն մեջտեղի հատվածն է մնացել ասֆալտապատելու։

Չնայած տեղական իշխանությունից մեզ տեղեկացրեցին, որ ճանապարհաշինական աշխատանքները վերջացրել են և ճանապարհաշինական տեխնիկան նույնպես տարել են, բայց արդյունքում պարզվեց, որ աշխատանքները գտնվում են բավականին եռուն շրջանում։

Գումբուրդո-Կիրովական ճանապարհահատվածում աշխատող տեխնիկաների պատճառով թե՛ Ախալքալաքից Գումբուրդո գնացող, և թե՛ Գումբուրդոյից վերադարձող վարորդներն անտեղյակ լինելով ճանապարհի փակ լինելուց շարունակում են ճանապարհը, հանդիպում են տեխնիկաի և ստիպված հարակից անտառի և դաշտերի միջով են շրջանցում ճանապարհի տվյալ հատվածը։

Գումբուրդո մեր այցի ընթացքում մեքենան մոտենալով ասֆալտապատվող տարածքին վարորդը նկատեց, որ այդտեղով անցնել հնարավոր չէ և սկսեց համապատասխան անցում փնտրել դաշտային ճանապարհ մտնելու համար։

Մինչ մեր վարորդը ավազապատ անցումներից առավել հարմարն էր փնտրում, աշխատակիցներին հարցրեցինք թե ինչո՞ւ ոչ մի ճանապարհանշան չեն տեղադրել, որ վարորդներն իմանան ճանապարհի փակ լինելու մասին։

Մեր հարցի պատասխանը կատարած աշխատանքի նման թերի էր ու անհասկանալի։ Միայն մի բան հուսադրող էր՝ մյուս աշխատակիցների հպարտ ժպիտները։

Ասֆալտապատ ճանապարհով ընթանալիս, անգամ ոչ հմուտ վարորդը կզգա կատարած աշխատանքի անորակությունը։ Ամբողջ ընթացքում տպավորություն էր թե մեքենան ալիքների վրայով է ընթանում, իսկ ասֆալտի ալիքաձև արտաքինը արդեն հուշում է դրա հետագա ճակատագիրը։

Գումբուրդո գյուղի բնակիչները աշխատանքի ամբողջ ընթացքին ներկա գտնվելով ասում են, որ այդ ճանապարհը իրեն չի արդարացնի։

«Նման աշխատանք առաջին անգամ եմ տեսնում։ Ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չջրեցին, փոշու մեջ խեղդվում էինք։ Ճանապարհի սևահողը չմաքրեցին, բետոնացում չարեցին, էլ ո՞րն ասեմ։ Միայն բերեցին ավազը լցրեցին, վրայից էլ ասֆալտը փռեցին, անունը դրեցին ճանապարհ», – մեզ հետ զրույցում ասաց Գումբուրդո գյուղի բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ։

Հիշենք, որ ճանապարհաշինական աշխատանքները իրականացնում է «Արալի» կազմակերպությունը, ով աշխատանքները սկսել էր դեռևս գարնանը։

Ճանապարհաշինության համար նախատեսված գումարը կազմում էր 3.800.000 լարի, իսկ տենդերի մրցույթում «Արալի»-ն հաղթել էր 3.748.385 լարիով։

Աշխատանքների վերաբերյալ «Արալի» ընկերության տնօրեն Օթար Թաթեշվիլին մեզ հետ զրույցում ասաց. «Աշխատանքների վերջնաժամկետը հոկտեմբերի մեկն է, իսկ ինչ վերաբերում է ասֆալտի որակին, ապա շատ որակյալ աշխատանք է կատարվել»:

Մեր այն հարցին, թե եթե որակյալ աշխատանք է կատարվել, ապա ինչու է ճանապարհը անհարթ, նա սկզբից պատասխանեց, որ նման բան չկա, սակայն երբ ասացինք, որ մենք ենք մեր աչքով տեսել, նա ասաց, որ ճանապարհի անհարթությունները մոտ օրերս կհարթեն։

Ջուլիետա Տոնականյան