Սեպտեմբերի 15-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում հնչեց դասի հրավիրող դպրոցական առաջին զանգը: Ախալքալաքի շրջանի 67 դպրոց իրենց առաջին քայլերն արեցին 615 փոքրիկներ:

Սեպտեմբերի 15-ին Ախալքալաքի փողոցներում անսովոր իրարանցում էր: Սև ու սպիտակ, կոկիկ հագնված, գեղեցիկ սանրվածքներով, ամաչկոտ հայացքներով փոքրիկները առաջին քայլերը կատարեցին դեպի դպրոցական կյանք:

2017-2018 ուսումնական տարում Վրաստանում դպրոց են հաճախում 575 000 աշակերտ, որոնցից 50,3 հազար առաջին դասարանցիներ գրանցվել են պետական դպրոցներում, իսկ 6 հազարը՝ մասնավոր:

arajin

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորելով դպրոցականներին մասնավորապես նշել է. «Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ: Այսօրվանից սկսվում է գիտության, նոր փորձի, նոր ընկերներ ձեռք բերելու գործընթացը, որը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր այսօր առաջին անգամ են բացում դպրոցի և համալսարանի դուռը: Հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը տասնապատկված էներգիայով կմիանա գիտելիքներ փոխանցելու գործին, ինչն էական նշանակություն ունի հանրության զարգացման համար: Յուրաքանչյուր քաղաքացում ինտելեկտն ու հնարավորություններն օգտագործելով, պիտի կարողանանք կառուցել ավելի ուժեղ երկիր»:

Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան ևս շնորհավորել է առաջին դասարանցիներին, նշելով. «Առաջին հերթին առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին: Շատ է ուրախացնում այն փաստը, որ համեմատ անցած տարվա հետ, այս տարի Վրաստանի դպրոցներում առաջին դասարանցիների քանակը ավելացել է»:

arajin zang

2016-2017 թվականին Ախալքալաքի շրջանում գրանցվել է 692 առաջին դասարանցի, իսկ 2015-2016 ուս տարում՝ 538: Ախալքալաքում, ինչպես վերջին զանգը, այնպես էլ առաջին զանգը առանձնակի շքեղությամբ են նշում: Առաջին դասարանցիների ծնողները շատ հաճախ ստիպված սեղաններ են գցում, ծանոթ-բարեկամ-հարևան հավաքվում են շնորհավորելու առաջին դասարանցուն: Առաջիկայում Jnews-ը առանձին կանդրադառնա Ախալքալաքում այս սովորության լավ ու վատ կողմերին:

Աղունիկ Այվազյան