Աշխարհի շատ երկրներում ուսուցիչների աշխատավարձը հատուկ բարձր չէ, որպեսզի ուսուցչի աշխատանքի վայրը չգրավի այնպիսի մարդկանց, ովքեր չեն սիրում երեխաներին, հայտարարել է Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան Imedi հեռուստաընկերության եթերում:
Ըստ նրա, մանկավարժության ոլորտում պետք է աշխատեն այն մարդիկ, ում համար ուսուցումը «հոբբի» է: Նա նշել է, որ իր առաքելությունն է վերադարձնել ուսուցչի կերպարը և մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուսուցիչները լավ զգան:
«Ամբողջ աշխարհում, ոչ միայն մեզ մոտ, տեսեք, վիճակագրությունը պարզ է, ուսուցիչների միջին աշխատավարձը, իմ կարծիքով, բացառությամբ 3-4 երկրների, գործնականում զգալիորեն ցածր է երկրի միջին աշխատավարձից: Եվ գիտեք ինչու, թե ինչու են նրանք այդպես գիտակցաբար արել, քանի-որ եթե մանկավարժության մեջ լինեն շատ բարձր աշխատավարձեր, ապա այնտեղ կգան մարդիկ, ովքեր չեն սիրում երեխաներին, և դա մեծ վտանգ է», – հայտարարել է Ջեջելավան` հավելելով, որ անշուշտ աշխատավարձը պետք է համարժեք լինի:
Ջեջելավան ընդգծել է, որ ուսուցիչների հիմնական աշխատավարձը վերջին տարիներին աճել է երեք անգամ, կան նաև հավելումներ:
2017 թ.-ի հունվարի 1-ից ուսուցիչների միջին աշխատավարձը աճել է, և հետևյալն է` ուսուցիչ-դաստիարակը ստանում է՝ 1100 լարի (մոտ 455 դոլար), իսկ առաջատար ուսուցիչը` 965 լարի (մոտ $ 400), ավագ ուսուցիչը՝ 800 լարի (մոտ $ 330), ուսուցիչ-պրակտիկը՝ 600 լարի (մոտ 250 դոլար):
Նախարարը դիմելով բարձրագույն կրթություն ստացողներին խորհուրդ է տալիս ձեռք բերել ոչ թե մեկ, այլ առնվազն երկու մասնագիտություն: Ըստ նրա, դա վերջին միտումն է, որը նկատվում է ողջ աշխարհում, և մասնավորապես աշխատաշուկայում կա մարդկանց պահանջարկ, ովքեր ունեն մի քանի մասնագիտություն: Նա ուսանողներին խնդրում է բաց չթողնել նոր բան սովորելու ոչ մի հնարավորություն: