Օգոստոսի 27-ին Կարծախ գյուղում նշեցին Ջիվանու տոնը: Բացվեց աշուղի թանգարանի երկրորդ` հուշային մասը:

Ջիվանու տոնին բոլոր ճանապարհները տանում էին Կարծախ գյուղ, որտեղ մեծացել ու անցկացրել է իր մանկությունը ճանաչված աշուղ Ջիվանին: Առավոտից բլրի վրա, որտեղ սովորաբար տեղի է ունենում տոնի համերգային մասը, հավաքվել էին շատ մեքենաներ, որոնք վաճառում էին տարբեր իրեր: Առևտուրը նույնպես տոնի անբաժանելի մասն է:

Տոնակատարությունը սկսվեց պատարագով Սուրբ Կարապետ եկեղեցում: Պատարագի ավարտին եկեղեցի եկավ Հայաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, կոմպոզիտոր, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Մաթևոսյանը:

живани1

Պատարագից հետո բոլոր հյուրերը գնացին դեպի գյուղի կենտրոնում գտնվող Ջիվանու հուշարձան: Ճանապարհին Ռուբեն Մաթևոսյանը պատմում էր Աշուղ Ջիվանու, նրա կյանքի և կրթության, երաժշտական դպրոցի մասին:

дживани2

Հյուրերը ծաղիկներ դրեցին հուշարձանին և բարձրացան Աշուղ Ջիվանու անվան թանգարան:

дживани9

Թանգարանը ստեղծվել է «Ջավախքի աջակցության հիմնադրամի» նախաձեռնությամբ: Անցյալ տարի բացվեց ցուցասրահը, իսկ այս տարի բացվեց հուշային հատվածը:

дживани3

Թանգարանի բակում նվագում էր Հայաստանի Հանրապետության Կրթության նախարարության մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների համույթը:

дживани10

Թանգարանի նոր հատվածը բաղկացած է միջանցքով միացած հինգ սենյակներից: Սենյակները կահավորված են 19-րդ դարի ոգով: Ցուցադրված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գյուղական կյանքը պատկերող իրեր. կուժեր, գորգեր, հագուստ, գյուղական կենցաղի իրեր, թոնիր, որի մոտ այցելուների համար դրված էր լավաշ: Կահավորված է Օդա, որտեղ երաժիշտը դանդաղ նվագում էր աշուղական երաժշտություն: 19-րդ դարի վերջին Ջավախքցու ապրելակերպի և ցուցադրվող նմուշների մասին պատմում էր ազգագրագետ Արգամ Երանոսյանը:

givani1

givani

дживани5

Իր մասին պատմող «Դարի ձայնը» գիրքը Ռուբեն Մաթևոսյանը մակագրությամբ նվիրեց թանգարանին:

«Ավելի մեծ պատիվ չի կարող լինել ինձ համար, որ այս գիրքը, նվիրված իմ անցած կյանքի պատմությանը, կպահպանվի Ջիվանու թանգարանում: Գրքում հատուկ էջեր է նվիրված Ջիվանու «Ձախորդ օրեր» երգի կատարմանը, վերլուծություններ: Եվ այսօր ես այն պահ եմ տալիս Ձեր թանգարանին: Ես ուզում եմ կյանքը ավարտել ոչ թե հիշողություններով, այլ ապրեմ այն գիտակցությունով, որ այն շարունակելի է նաև այս թանգարանում», – ասաց մաեստրոն:

дживани4

«Ջավախքի աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Հակոբյանի խոսքերով, նրանք ցանկանում են, որ թանգարանը ոչ միայն թանգարան լինի, այլ նաև աշուղագիտական կենտրոն:

«Ուրախ եմ, որ այսօր Կարծախը մարդաշատ է, և ես կարծում եմ, որ Կարծախը կաշխուժանա, և ցուցանմուշները պարբերաբար թարմացվելու են: Թանգարան է այցելել 2000 մարդ, գուցե դա շատ չէ, բայց կա ակտիվություն: Կա նախաձեռնություն ստեղծել հացատուն, ռեստորան, հյուրատուն: Մենք աշխատում ենք Թբիլիսիում և Երևանում տուրիստական գործակալությունների հետ, որպեսզի տուրիստները այցելեն Կարծախ», – ասաց Աշոտ Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը գոհ է թանգարանից:

«Սա ոչ միայն տուն-թանգարան է, այլև 19-20-րդ դարերի Ջավախքցու բնակարանի վերարտադրություն: Կար ցուցադրական մասը, բացվեց ազգագրականը, շատ ներդաշնակ է ստացվել», – նշեց Աշոտ Մելքոնյանը:

Իր տպավորությունները մեզ հետ կիսեց Հայաստանի Պետական համալսարանի դոցենտ, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

«Երբ մտնում ես այն տունը որտեղ նա ծնվել է, միանգամից վերակենդանանում է մեր պապերի կենցաղը: Կարողացել են ոչ միայն տեսքով ստեղծել թանգարան, այլև հոգեբանական մթնոլորտով: Թվում է, թե Ջիվանին վերադարձել է: Ջիվանու միջոցով վերակենդանանում է նաև Կարծախը: Գյուղը, որի մասին միայն գիտեին, որ Ջիվանու ծննդավայրն է վերածվում է ուխտագնացության կենտրոնի», – ասում է Սերժ Սրապիոնյանը:

Բացումից հետո բլրի վրա տեղի ունեցավ համերգ տեղի համույթների և Հայաստանից ժամանած հյուրերի մասնակցությամբ: Երախտագիտության և շնորհավորանքների խոսքեր ասացին շատ տեղացիներ և հյուրեր:

Կայացավ Ջավախքի մասին երգի պրեմիերան ծնունդով ջավախքցի Ռուսլան Էլյազյանի կատարմամբ:

Ելույթ ունեցավ «Ջավախք» ազգագրական համույթը, Դամալա գյուղի, Սուլդա, Վաչիան և այլ գյուղերի պարային խմբերը:

дживани7

Ջիվանու դիմանկարը տեղում պատկերեցին Գյումրեցի ստրիտ street art-ով զբաղվող երիտասարդների մի խումբ: Դիմանկարները հանվեցին վաճառքի, սակայն, ըստ մասնակիցներից մեկի` Անդրանիկ Ներսեսյանի, եթե դիմանկարները չգնեն, ապա այն կնվիրեն Ջիվանու տուն-թանգարանին:

дживани8

Տոնը հավաքել էր մի քանի հազար մարդ` ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից ժամանած հյուրեր: Կարծախցիները շատ գոհ էին իրենց գյուղի տոնի այսպիսի մասշտաբային տոնակատարությունից, սակայն մի փոքր հիասթափված էին այն բանից, որ մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը նրանց չուրախացրեց իր երգով:

Շուշան Շիրինյան
Արթուր Մոսոյան