Այսօր առավոտյան վեց ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ սկսեցին աշխատանքը` Բորժոմի-Խարագաուլի ազգային զբոսայգու տարածքում անտառային լայնածավալ հրդեհի վերացման համար:

Բորժոմիի կիրճի հիմնական հրդեհները հանգցված են, սակայն կրակի դեմ պայքարը շարունակվում է: Դեպքի վայրում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ, Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ ուղղաթիռ, Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ ուղղաթիռ և Թուրքիայի իշխանությունների կողմից աղետի գոտի ուղարկված երկու ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Մինչդեռ Վրաստանի Զարգացման և ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն հայտարարել է, որ չնայած ավիացիայի օգտագործմանը, առաջիկա օրերին հրդեհի վերացում չի ակնկալվում:

«Ամբողջ գիշեր տարվում էին աշխատանքներ: Մեր հիմնական խնդիրն էր կանխել հրդեհների տարածումը բնակեցված տարածքներում: Այս խնդիրը կատարված է: Այժմ իրավիճակն ավելի լավ է, քան նախորդ գիշեր, բայց ես չեմ կարող ասել, որ մենք կկարողանանք մեկ-երկու օրվա ընթացքում հանգցնել կրակը, քանի որ խոսքը գնում է մեծ տարածքների մասին», – ասել է Ալավիձեն Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի եթերում:

Տարածքային զարգացման նախարարության ղեկավարի խոսքերով` հրդեհների մարման աշխատանքներին միացել են նաև հատուկ սարքավորումներ և մի քանի տասնյակ հրշեջ-փրկարարներ Հայաստանից և Ադրբեջանից:

Աղետի պատճառով Վրաստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստ կանցկացնի: Խորհրդարանականները պետք է քվեարկեն հրդեհի հանգցմանը զինված ուժերի ընդգրկման կապակցությամբ` համապատասխան հրամանը արդեն տրվել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլիի խոսքերով, զինված ուժերը կզբաղվեն Գորիի շրջանում կրակի հանգցմամբ, բայց եթե անհրաժեշտ լինի, նրանք կմասնակցեն նաև Բորժոմի-Խարագաուլի անտառի հրդեհի հանգցմանը: Շիդա-Քարթլիի շրջանում Զեմո Բոշուրի գյուղում կրակը երեկ հանգցվել է, սակայն տեղում հրդեհի օջախները լիովին վերացնելու համար շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարական բրիգադներն ու զինված ուժերը, որոնք ուղարկվել են դեպքի վայր Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից:

Բորժոմիի կիրճում` աղետի վայրում ներկա պահին գտնվում է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Բորժոմիի Դաբա գյուղի մոտակայքում հրդեհի հանգցման համար այժմ աշխատում են՝ մոտ 400 հրշեջ-փրկարարներ, ավելի քան 100 որսորդ և Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի 500 աշխատակից:

Աղբյուրը` Новости-Грузия
Լուսանկարը` Գիորգի Կվիրիկաշվիլիի ֆեյսբուքյան էջից