Գրիգորյանների 7 անդամից բաղկացած ընտանիքը սեփական տանիք չունի: Ժամանակ առ ժամանակ նրանք ստիպված են լինում այլ տուն տեղափոխվել:

bazmazavak3

Այս օրերին Գրիգորյանները կրկին պատրաստվում են տեղափոխվելու, բայց թե ուր, դեռ չգիտեն: Նրանք հերթական անգամ հույսով սպասում են, որ կհայտնվեն բարի մարդիկ, ովքեր իրենց թեկուզ ժամանակավոր տանիք կտրամադրեն:

«Տանտերը զանգել է, ասում է՝ ազատեք տունը, հետ ենք գալիս, չեն հարմարվել Ռուսաստանում, դրա համար հետ են գալիս, մոլորվել ենք, ի՞նչ ենք անելու, ու՞ր ենք գնալու»,- ասում է 4 երեխաների մայրը՝ Կարինե Այվազյանը:

bazmazavak2

2003 թվականից մինչև օրս Օրջա գյուղից Գրիգորյանների բազմանդամ ընտանիքն ապրում է՝ գյուղից գյուղ, տնից տուն տեղափոխվելով: Այս տարիների ընթացքում նրանք հասցրել են բնակվել՝ Օրջա, Արագվա և Կաջո գյուղերում:

Մեր այցելության ժամանակ ընտանիքի տղամարդը՝ Ալիկը տանը չէր, նա Կաջոյի սարերում անասուններ էր արածեցնում: Գրիգորյանները չեն դժգոհում աշխատանքից, ընդհակառակը նրանք արձագանքում են յուրաքանչյուր աշխատանքի առաջարկին, սակայն սրտնեղում են, որ հիմնական աշխատանք չունեն, լինում է ամիսներով ոչ մի գործ չեն ունենում:

bazmazavak1

«Սպասում ենք աշնանը, կարտոֆիլ հավաքելու գնանք, որտեղ և ինչ հնարավոր է լինում գնում աշխատում ենք, սակայն դա բավարար չէ, ամուսինս հիմնական աշխատանք չունի, փաստաթուղթ չունի, որ Ռուսաստան գնա, գոնե մի հնար լիներ անձնագիր հանեինք, գնար աշխատեր մի տուն գներ, մեր անկյունն ունենայինք: Ես չորս երեխաների հետ ու՞ր գնամ», – ասում է Կարինե Այվազյանը:

Արուսյակ տատը թոռներին է խնամում, վարձակալությամբ դաշտերում աշխատում, որպեսզի ինչ որ չափով կարողանա որդուն օգնել: Դեռևս թոշակ չի ստանում տարիքի պատճառով:

bazmazavak

«Սեփական հող չունենք, ուրիշներինն ենք մշակում: Հազիվ օրվա հացի գումար ենք աշխատում: Թոռներիցս միայն Մնացականս է գիտակցում, որ մենք չունենք և միշտ ասում է՝ տատիկ մեծանամ, բանկում եմ աշխատելու, որ տուն գնեմ», – ասում է Արուս տատը, հուսալով որ մի օր իրենց տունը կունենան և ստիպված չեն լինի երեխաներին ամեն անգամ տնից տուն տեղափոխել:

bazmazavak7

Գրիգորյանները Կաջոյում են ապրում արդեն մեկ տարուց ավելի: Անցած տարվա ցուրտ ձմռանը տաքանալու համար բանկից վարկ են վերցրել և մինչև հիմա չեն կարողանում վարկը փակել, արդյունքում պարտքը բանկին կրկնապատկվել է: 400 լարին դարձել է 800, չգիտեն ինչպես են փակելու, առավել ևս արդեն նորից ձմեռ է գալիս, և նորից վառելափայտ պետք է առնեն:

bazmazavak4

«Չունենք, 460 լարի սոցիալական օգնության շնորհիվ ենք գոյատևում: Նեղության մեջ ենք, նույնիսկ եղել է ալյուրի գումար չենք ունեցել, պետությունից, բարի մարդկանցից խնդրում ենք հնարավորության սահմաններում օգնել, գոնե սեփական չորս պատն ունենանք», – նշում է Կարինեն:

6 տարեկան Մնացականը, 4-ամյա Նարեն, Դավիթը երկու տարեկան և ընդամենը 4 ամսեկան Մանեն դեռ փոքր են և ամեն ինչ չեն գիտակցում: Միայն Մնացականն է, որ ամաչելով այս ու այն կողմ է անում տան մեջ և երազում է խաղալիք ինքնաթիռ ու ուղղաթիռ ունենալ:

Մնացականը մանկական անկեղծությամբ մեզ առաջարկում է հետևել իր և ընկերների խաղին: Նրանք «Գետնից բարձր» են խաղում: Խաղի կանոնները նա այսպես է բացատրում՝ «գենտից են խաղում, քարին կկայնիս, վեվ որ չի բռնե էդիկ է: Մեծանամ ֆուտբոլիստ եմ դառնալու, խաղալու եմ ու բոլորին հաղթելու»:

bazmazavak6

Աղունիկ Այվազյան