Ախալքալաքում կայացավ Վաչագան Ռստակյան մտավորականի մեծարման ցերեկույթը, որի ժամանակ վերջինս պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով:

Վաչագան Ռստակյան մանկավարժ-մտավորականի մեծարման ցերեկույթն անցկացվեց Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնում: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանում Հայ Օգնության միությունը: Կազմակերպիչների խոսքերով, Ռստակյանի անունը Ջավախքում բոլորին հայտնի է, որպես իսկական մտավորականի մարմնացում, և նա արժանի էր, որ առանձին կազմակերպվեր և նշվեր նրա 80-ամյակը:

«Մեր կառույցը ուներ մտավորականների մեծարման ծրագիր, բայց այսօրվա շարժառիթը շատ յուրահատուկ է, ես կասեի յուրահատուկ մարդու է նվիրված: Ամիսներ առաջ դիմել էինք Հայաստանի Սփյուռքի նախարարությանը խնդրանքով՝ շնորհելու նրան, պարգևատրելու «Մայրենիի դեսպան» մեդալով և ընդառաջելով մեզ արժանացրին այս շնորհին: Նրանից միշտ և անվերջ կարելի է սովորել, նա մտավորական է, ով կարողանում է սերունդ դաստիարակել, սերունդ կերտել», – ասաց ՎՀՕՄ ատենապետուհի, ցերեկույթի կազմակերպիչ Կարինե Թադևոսյանը:

cerekuyt

Հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանմանն ու զարգացմանը նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարությունը Վաչագան Ռստակյանին պարգևատրեց «Մայրենիի դեսպան» մեդալով: Մեդալը հանձնելու պատվավոր արարողությունը կատարեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Արտակ Գաբրիելյանը:

Դահլիճում հավաքվել էին Վաչագան Ռստակյանի մանկական ու ուսանողական ընկերները, աշխատանքային ընկերներն ու հասակակիցները:

Վաչագան Ռստակյանը ծնվել ու մեծացել է Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում: Իր կյանքի 60 երկար ու ձիգ տարիները նվիրաբերելով մանկավարժական գործնեությանը: Դասավանդել է շրջանի տարբեր հանրակրթական դպրոցներում ու կրթական այլ հաստատություններում:

Վերջինս հուզված էր, անակնկալ պարգևատրումից ու ցերեկույթից: Ամեն ինչ կազմապերպվել էր նրանից թաքուն, բոլոր անձնական տվյալների հավաքագրումն իրականացրել է Ռստակյանի թոռը՝ Ռիմա Ռստակյանը:

«Ես չգիտեմ թե այս դիվանագիտական պարգևին արժանի եմ, թե՝ ոչ, բայց բոլոր դեպքերում ես խորապես շնորհակալ եմ, մեր Մայր հայրենիքին, ինչպես Կրթության և գիտության, այնպես էլ Սփյուռքի նախարարություններին: Ես այս պատվին արժանանալու համար առաջին հերթին պարտական եմ իմ բոլոր ուսուցիչներին: Աստծուց շնորհակալ եմ, որ իմ կյանքի մայրամուտին շրջապատված եմ նման մարդկանցով», – ասաց Վաչագան Ռստակյանը:

Rstakyan

Հավելենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կողմից սահմանվել է «Մայրենիի դեսպան» մեդալը, որով պարգևատրվում են բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, ովքեր մեծ ավանդ ունեն Հայաստանում և Սփյուռքում մայրենիի պահպանության, տարածման ու զարգացման գործում: Մեդալն առաջին անգամ շնորհվել է Օշականի դպրատանը, որը որպես խորհրդանիշ պահվում է հաստատությունում:

Աղունիկ Այվազյան