Հեռավոր գյուղերի բնակիչները դժգոհում են, որ Արագվա գյուղից հետո ճանապարհը անանցանելի է տրանսպորտի համար, ինչը էլ ավելի է բարդացնում նրանց կյանքը:
Արագվա տանող ճանապարհն ասֆալտապատվել է Սահակաշվիլիի ղեկավարության տարիներին, պետական ծրագրի շրջանակներում: Իսկ Արագվա գյուղից հետո ճանապարհն անանցանելի է և խորդուբորդ:
Այդ ուղղության վրա է գտնվում շրջանի գյուղերի մեծ մասը և բնականաբար՝ օգտվում այդ ճանապարհից: Յուրաքանչյուր ընտանիք ունի բազմաթիվ սոցիալական և ընտանեկան խնդիրներ, որոնք լուծվում են միայն Ախալքալաքում:
Այդ գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են շրջանի ղեկավարությանը, որպեսզի ճանապարհը վերանորոգեն: Եթե ասֆալտապատման հնարավորություն չունեն, գոնե անցանելի դարձնելու համար այն հարթեցնեն:
Լոմատուրցխ հասնելու միակ ճանապարհը դա է և բնակիչները բողոքում են, որ մինչ շտապ օգնությունը այդ ճանապարհով հասնի գյուղ, հիվանդը կմահանա:
-«Մեր մոտ շտապ օգնությունը դժվարությամբ է գալիս: Տաքսիներն էլ վատ ճանապարհների պատճառով մեզանից թանկ են վերցնում, քան իրական արժեքն է: Արագվայից հետո ճանապարհը շատ վատ է, գոնե այն հարթեցնեն: Շատ մեծ գյուղեր գտնվում են այդ ուղղության վրա: Միայն ընտրություններին են գալիս ձայն հավաքելու համար և սարեր խոստանում: Խոստանում են ու հետո մոռանում»,- դժգոհում է Մարտին Բերակչյանը:
-««Շտապ օգնություն»-ում հենց որ լսում են Լոմատուրցխ է պետք գալ դժվարանում են, համոզում ենք, որ գան: Գիտեք, ինչքան մարդ է մահանում շտապ օգնության ժամանակին տեղ չհասնելու պատճառով»,- ասում է Լոմատուրցխ գյուղի բնակիչ՝ Սանդրիկ Բերակչյանը:
Արթուր Դավթյանը՝ Խանդոից, նույնպես դժգոհում է ճանապարհի վատ վիճակից:
-«Հղիներին մինչև հիվանդանոց ենք հասցնում երիկամների խնդիրներ են ունենում: Գոնե ճանապարհը հարթեցնեն»,-ասում է Արթուր Դավթյանը:
Ըստ Դավթյանի իրենց գյուղում շատ խնդիրներ կան, սակայն ճանապարհի բարելավումից է կախված սոցիալական շատ խնդիրների լուծում: անհամբեր
Շավարշ Սարգսյանը ապրում է Խանդոյում և նրա համար Ախալքալաք գնալ գալը միշտ էլ խնդիր է եղել:
-«Տաքսիստները վատ ճանապարհի պատճառով մինչև Արագվա են գալիս: Եթե հաջողվի, որ որևէ մեկը համաձայնվի, ապա կպահանջի երկու անգամ ավել գումար: Իսկ մենք ինչ անենք այս իրավիճակում: Ճանապարհի պատճառով կարտոֆիլ գնողներն էլ մեր գուղ չեն գալիս»,- ասում է Շավարշ Սարգսյանը:
Այս գյուղի բնակիչներն անհամբեր սպասում են հաջորդ ընտրություններին, հուսալով, որ գոնե մեկը իր խոստումը կկատարի:
Շուշան Շիրինյան