Նրա աշխատանքն ամենօրյա սխրագործություն է պահանջում, դիմագծերում յուրաքանչյուր վիրահատություն իր անդառնալի հետքն է թողել, սակայն բժիշկ-վիրաբույժ Ալեքսան Թորոյանին այդ ամենը միայն ավելի է ուժեղացնում:

Դեռ մանուկ հասակից եղել է մղումը դեպի բժշկություն, մի մասնագիտություն, որը հետագայում դարձել է կյանքում որպես անհատ և բժիշկ ձևավորվելու գլխավոր ուղենիշը: Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի դպրոցն ավարտելուն պես, 1975 թվականին Թորոյանը առանց վարանելու ընտրում է բժշկության ուղին, ուղղորդվելով այն գաղափարով, որ բժիշկը կարևոր դերակատարություն ունի հասարակության մեջ:

Toroyan4

Առաջին կուրսում պրակտիկ աշխատանքի ժամանակ նա ներկա է գտնվել դիահերձման:

«Այդ օրը, այսօրվա նման հիշում եմ, կիսատ թողնելով պարապմունքը, չեմ հիշում ինչպես եմ հասել հանրակացարան, և մի շաբաթ ես էդ ապրումների մեջ էի, և սա էր իմ առաջին չակերտավոր հիասթափությունն ընտրած մասնագիտությունից, բայց հետագայում այնքան սիրեցի, որ այն դարձավ իմ հարազատ մասնիկը»:

Toroyan

Վիրաբույժ Ալեքսան Թորոյանն իր առաջին վիրահատությունը կատարում է 1978 թվականին, երբ ինստիտուտից պրակտիկ աշխատանքների են գործուղում Ռուսաստանի դաշնության Ամուրի մարզի Իվանովկայի շրջանային հիվանդանոց:

«Ինձ կանչեցին օգնելու համար: Նշտարը վերցրեցի ձեռքս և կատարեցի առաջին կտրվածքը, դողդողուն ձեռքերով, վստահ գիտելիքներով, բայց փորձ չունենալով, վախով կատարեցի առաջին վիրահատությունը, որն անցավ շատ լավ և դա եղավ իմ կնունքը, որպես վիրաբույժ», – այսօրվա նման հիշում է նա:

1981 թվականին բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նրան պարտադիր գործուղում են Խաբարովսկի մարզի Կամսամոլսկ քաղաք, որտեղ աշխատում է 4 տարի: Արդեն 1984-ին, թողնելով աշխատանքը, ամեն ինչ, վերադառնում է հայրենի գյուղ: Սկզբնական շրջանում վիրաբույժին աշխատանքի չեն ընդունում Ախալքալաքում, պատճառաբանելով թե մասնագետի կարիք չունեն: Սակայն մեկ տարի անց ընդունվելով աշխատանքի, Թորոյանը ոչ միայն հաջող վիրահատություններ է կատարում, այլև նշանակվում է Շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և 1985 թվականից առ այսօր, փոքր ընմիջումով շարունակում է ղեկավարել հիվանդանոցը:

Բժշկական գործնեության 32 տարիների ընթացքում նա հասցրել է ավելի քան 3000 վիրահատություն կատարել, այդքան անգամ հուզվել, դողացել, սակայն միևնույն ժամանակ հաստատակամությամբ իր ձեռքն է վերցրել և վերցնում է բժշկական նշտարը:
Toroyan5

Վիրաբույժի աշխատանքային փորձում եղել են պահեր, երբ նրա որոշումից է կախված եղել մարդկային կյանքը:

«Մեզ ասացին իրավունք չունենք ձեռք տալու, բայց հապաղելու ժամանակ չէր: Նույնիսկ ռեոմոբիլին չէինք կարող սպասել, որ գան տեղափոխեն մասնագիտացված հիվանդանոց: Մենք չէինք կարող 16 տարեկան երիտասարդին թողնեինք ու սպասեինք մինչև Թբիլիսիից 8 ժամ հետո ռեոմոբիլը գար, որոշում կայացրի ես, որ մենք պարտավոր ենք վիրահատելու և առաջին օգնությունը ցույց տալու, արտակարգ դեպք էր»,- ասում է Թորոյանը:

Toroyan8

Հիվանդի վիճակը րոպե առ րոպե ծանրանում էր, շնչահեղձություն, սուր ցավեր, գիտակցության կորստի նշաններ:

«Կատարելով վերքի զննում, տեսա, որ բաց վերք է, թեթև արյունահոսություն կար, հետո արդեն ճշտեցինք, որ մեծ արյան կորուստ ուներ, ներքին արյունահոսություն էր, դրսից չի երևում, բայց իրականում արյունը ներս էր լցվում, վերքի զննության ժամանակ արդեն ֆանտանի նման արյունը դեպի դուրս էր հորդում: ճնշումը 0 էր, վերքը բանալու ժամանակ երկու րոպեի ընթացքում մոտ 1,5-2 լիտր արյուն կորցրինք մինչև կարողացանք կանգնեցնել արյունահսությունը, արյան զարկերակ էր վնասվել, և ամենակարևորն այն էր, որ մեր ուլտրաձայնային հետազոտության ապարատը թույլ էր տալիս, որ տեսնեինք թե սրտի թաղանթները վնասված էին, թե՝ ոչ: Վիրահատության ժամանակ նույնիսկ մի պահ կանգ առավ սիրտը»,- պատմում է Ալեքսան Թորոյանը:

Հետագա իրավաբանական ու բժշկական բարդություներից խուսափելու համար, վիրահատությունից 8 ժամ անց երեխային տեղափոխում են Թբիլիսի, որտեղ ստուգել են և ասել, որ շատ բարձր մակարդակի վիրահատություն է կատարվել: Սրտի բարդ վիրահատություն տարած երիտասարդի վիճակը նորմալ է և նա գտնվում է տանը:

Toroyan3

Ախալքալաքում նման վիրահատություններ հազարից մեկ են կատարվում: Սա իր բարդությամբ, թվով երրորդ վիրահատությունն էր սրտի հետ կապված Թորոյանի համար:

«Երբ մասնագիտորեն կատարել ես, այն ինչ դու պարտավոր էիր անելու, վրիպում չի եղել և հիվանդը ապաքինված տուն է գնում, դու քեզ երջանիկ ես զգում: Յուրաքանչյուր վիրահատությունից հետո յուրովի են ապրումները, բայց էս կարգի վիրահատությունների դեպքում մի շաբաթ կարծես դու քեզ 7-րդ երկնքում ես զգում, որ քո կատարած աշխատանքի արդյունքում մարդու կյանք է փրկվել»,- նշում է բժշկական գիտությունների թեկնածու, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր, վիրաբույժ Ալեքսան Թորոյանը:

Toroyan7

Չնայած զբաղեցրած պաշտոնին ու հասարակության մեջ ունեցած դիրքին, ինչպես գործընկերներն են դիմում՝ Ալյոշովիչը չի փոխվում, նա հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին և միշտ կարողանում է լինել ամեն տեղ ու ամենուրեք, օգնել մարդկանց թե մասնագիտորեն, թե առհասարակ:

Ալեքսան Թորոյանն ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռնիկ: Հպարտանում է, ուրախանում թոռնիկների յուրաքանչյուր մանկական ձեռքբերումներով: Որդիներից փոքրը՝ Ալյոշա Թորոյանը նույնպես ընտրել է բժշկի մասնագիտությունը: Նա զուսպ և հանգիստ պատմում է, որ իր ընտրությունն է եղել ընտրել բժշկությունը և իրեն երջանիկ է զգում, որ Ախալքալաքում հայտնի բժշկի որդին կարող է հոր գործը շարունակել:

Toroyan10

Ալեքսան Թորոյանը, ոչ միայն շրջանում հայտնի բժիշկ է, ընտանիքում սիրված հայր ու ամուսին: Նա նաև հասարակական գործնեություն է ծավալում:

«Փորձել եմ մեկը մյուսին հաշվին չանել, աշխատանքը մնում է իր ժամանակի մեջ, հասարակական իմ գործնեությունը՝ իր: Իհարկե եղել է, որ կինս դժգոհել է, որ չեմ կարող երկար ժամանակ անցկացնել երեխաներիս հետ, բայց իմ միակ և անգնահատելի ձեռքբերումը մեր տան խաղաղությունն է, որ առ այսօր ես կամ այս մասնագիտության մեջ հենց այսպիսին, զուգահեռաբար կատարել եմ:

Թորոյանը համարում է, որ թոռնկիները իրեն պարտավորեցնում են, որպես մարդ կայանալու, ապրելու և ապրածի համար չզղջալու:

Toroyan12

Կնոջ խոսքերով, ամուսինը շատ զուսպ է, առանց կապրիզների, աշխատանքն իր ամեն ինչն է, նույնիսկ, որ մի օր հիվանդանոց չի գնում, իր համար հանցագործության պես մի բան է:

«Այսքան տարիներ միասին ենք, ես միշտ զարմանում եմ իր համբերատարության ու հավասարակշռվածության վրա»,- անկեղծանում է Թորոյանի կինը:

Jnews-ի հարցին, թե Թորոյան բժիշկ-անհատի համար, մարդկային բնավորության որ գծերն են անտանելի, հնչեց միանշանակ ու հստակ պատասխան. «անազնվությունն ու դավաճանությունը: Ինքնասիրությունից զուրկ մարդիկ իմ համար անտանելի են»:

Toroyan11

Աղունիկ Այվազյան