Հունիսի 11-ին վերաօծվեց Ջավախքի Լոմատուրցխ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին:

Օծման կարգը կատարվեց ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող քահանաների մասնակցությամբ:
Lomaturcx1

Հայ եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:

lomaturcx8

«Դռմբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Մենք՝ հոգևորականներս ծունկի ենք գալիս և հայում երկնային Տիրոջից, որ բացի եկեղեցու դռները հավատավոր ժողովրդի առջև: Այսօր այս տաճարը օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն այս գյուղի բնակչության համար: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին»,- դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

lomaturcx7

Լոմատուրցխ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին իր առաջին օծումից 111 տարի անց կրկին վերաօծվեց: 8 տասնամյակ իր գերակա նշանակությունը կորցրած հոգևոր տունը նոր շունչ ու ոգի է առնում Սեդրակ և Արթուր Խաչատրյանների բարերարությամբ: 2016 թվականի Խաչատրյան եղբայրները որոշում և իրականություն են դարձնում գյուղացիների փափագը: Սուրբ Փրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքները մեկ տարի շարունակ կանոնակարգել է շինարար Գևորգ Իրիցյանը:

lomaturcx5

Lomaturcx9

«Ես ծնվել և մեծացել եմ եկեղեցու հարևանությամբ և իմ մանկությունն անցել է եկեղեցու բակում: Նպատակ է դրվել եկեղեցին վերակառուցել, որպեսզի մարդիկ կարողանան մոմ վառել և աղոթել: Գյուղը պահողը եկեղեցին է, մենք որոշեցինք հենց եկեղեցուց սկսել, նախ մարդիկ պետք է հավատ ունենան: Ես սա բարերարություն չեմ համարում, այլ պարտականություն: Մենք պարտք ունենք մեր ծննդավայրին, գյուղին, պետք է համախմբվենք ու միասնական լուծենք գյուղի խնդիրները, որ մարդիկ ստիպված չարտագաղթեն», – jnews-ի հետ զրույցում ասաց եկեղեցու բարերար Սեդրակ Խաչատրյանը:
Lomaturcx2

Լոմատուրցխ գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, աշխարհի չորս ծագերից եկած լոմատուրցխեցիներ, հյուրեր և ուխտավորներ տարբեր շեներից:

ekexeci

Լոմատուրցխը հայաբնակ գյուղ է Վրաստանի Ախալքալաքի շրջանում: Ախալքալաքից գտնվում է 19 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռնաշղթայի ստորոտին: Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում է դպրոց: Լոմատուրցխի Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1906 թվականին: Բնակիչները գաղթել են 1830 թվականին` Էրզրումի վիլայեթի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից: Սկզբնական շրջանում բնակվել են Ախալքալաքի Էխտիլա գյուղում, իսկ 1937 թվականին նրանց մի մասը տեղափոխվել է Լոմատուրցխ:

lomaturcx3
Աղունիկ Այվազյան