Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի բնակիչները արդեն 7 տարի է պայքարում են, փորձում են հասնել նրան, որ ՍՊԸ «Լճեր» ընկերության արտոնագիրը անվավեր ճանաչվի: Չնայած դժվարություններին, նրանք մտադիր չեն փոխզիջման գնալ:
Գյուղացիները ցանկանում են վերադարձնել իրենց գյուղի լճում ձուկ որսալու իրավունքը: Դրա համար նրանք արդեն մի քանի տարի է դատվում են ՍՊԸ «Լճեր» ընկերության հետ, որը հիմնել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ծնունդով տաբածղուրցի Վարդան Այվազյանը: 2010 թ.-ից ընկերությունը Տաբածղուրի լիճը 20 տարի ժամկետով վարձակալել է:
Գյուղացիները բողոքարկել էին դատարանի առաջին որոշումը, որը կայացվել էր ի օգուտ ընկերության: Մեկ տարվա լռությունից հետո, 2017 թ.-ի մայիսի 17-ին նշանակվում է դատական նիստ: Սակայն գյուղացիները նամակ են ստանում, որ նիստը հետաձգվում է մինչ հունիսի 27-ը:
«Խոսում էին, որ դատավորները վերապատրաստման դասընթացների են այդ պատճառով էլ հետաձգվում է: Նրանք առաջին որոշումը կայացրեցին հօգուտ ընկերության, սակայն մենք պայքարելու ենք մինչև վերջ: Արդեն 7-8 տարի է պայքարում ենք: Մեր նախնիները եկել են այստեղ այս լճի համար: Եվ մենք այստեղից չենք պատրաստվում հեռանալ, մենք մեր լիճը ոչ մեկին չենք տա», – ասում է Տաբածղուրի գյուղի բնակիչ Գրիշա Իրիցյանը:
Ըստ գյուղացիների, լիճը միակ հույսն է, որ պահում է բնակիչներին: Այնտեղ չկա եկամտի այլ աղբյուր: Հեռավոր գյուղ է բարձր լեռներով շրջապատված, որտեղ տարվա մեծ մասը ցուրտ է, չկան տարրական հարմարություններ, չկա զբաղմունք երիտասարդների համար: Վատ ճանապարհների պատճառով կապը քաղաքի հետ դժվար է, իսկ ձմռանը ընդհանրապես ճանապարհը փակվում է: Գյուղացիները այստեղ զբաղվում են անասնապահությամբ, որը շահավետ չէ:
Սկզբում, 3 տարի բնակիչները աշխատել են Վարդան Այվազյանի ընկերությունում: Շահույթի 30%-ը վերցնում էին իրենց, իսկ 70%-ը տալիս ընկերությանը: Սակայն, ըստ գյուղացիների, ընկերության ներկայացուցիչների պատճառով նրանց համագործակցությունը չստացվեց:
«Նրա ներկայացուցիչները մեկին թույլատրում էին աշխատել, իսկ մյուսին` ոչ: Ում ցանկանում ընդունում էին: Գյուղի բնակիչներն էլ բարկացան», – ասում է Գրիշա Իրիցյանը:
«Ներկայացուցիչը միտումնավոր փչացնում էր ձկնորսների նավակները, կոտրում նրանց մեքենաները: Երբ մեկը քիչ էր բռնում, նրանք կոպիտ էին վարվում, բողոքում քիչ բռնելու համար: Այդ պատճառով մենք ոտքի ելանք և սկսեցինք պայքարել», – ասում է Ռոլանդը:
Ըստ բնակիչների, մինչ Այվազյանի կողմից լճի վարձակալումը, ամբողջ երիտասարդությունը գյուղում էր մնում, իսկ հիմա երիտասարդների 80%-ը մեկնում է գյուղից: Տաբածղուրի գյուղում ներկա պահին ապրում է 152 ընտանիք: Խորհրդային ժամանակներում մեկ տարվա ընթացքում լճից որսում էին 30-ից 40 տոննա ձուկ, իսկ այժմ 1 տոննա էլ չեն կարող որսալ: Լճի տարածքը 1500 քառ/մ է:
Ըստ գյուղացիների, երբ ընկերությունը լճի մեջ բաց թողեց խեցգետինների, ձուկը լճում անհետացավ: Բացի այդ, ձուկը չի հասցնում մեծանալ: Նախկինում 25 ձուկն էր կշռում 1 կգ, իսկ հիմա` 30-40:
«Նա սկզբում ասել էր, որ լճում բաց է թողնելու 2 տոննա խեցգետին, հետո պարզվեց, որ 30 տոննա է լցրել: 3 տարի առաջ մենք գնել էինք 800 000 մանր ձուկ, ամբողջը խեցգետինները կերան, նրանք ուտում են ձկներին», – ասում է Ռոլանդը:
Տաբածղուրի լճում տարբեր տեսակի ձկներ են եղել. սիգ, կարպ, ռեբուս, ռյաբուշկա, իշխան: Բայց հիմա քիչ են մնացել, նույնիսկ նրանցից որոշ տեսակներ արդեն չկան:
«Մենք ցանկանում ենք վերադարձնել լիճը մեր համայնքին, գյուղացիներին: Սա մեր միակ եկամտի աղբյուրն է: Մենք կվճարենք հարկերը: Նրանք տալիս են վարձակալման, հարկերը վճարելու համար, բայց ինչու, եթե մենք ինքներս ի վիճակի ենք վճարել և հետևել լճին: Երբ անհրաժեշտ լինի մենք կկանգնեցնենք ձկնորսությունը: Երբ անհրաժեշտ լինի մենք լճի մեջ կլցնենք մանր ձկներ», – ասում է Աշոտ Իրիցյանը:
Սեդրակ Հարությունյանը կարծում է, որ նախքան վարձակալման տալը, անհրաժեշտ էր նույն պայմանները առաջարկել գյուղացիներին:
«Ով է 90 լարիի լիճ գնում: Ըստ Վրաստանի օրենքի, սկզբում գյուղացիներին են առաջարկում, հետո եթե մենք հրաժարվենք, միայն դրանից հետո կարող են տալ ուրիշներին», – ասում է Սեդրակ Հարությունյանը:
Բնակիչներն ասում են, որ նրանք փոխզիջման կգնային, եթե Այվազյանը կառուցեր գյուղում պահածոների գործարան, կատարեր ներդրումներ, ինչպես որ խոստացել էր սկզբում:
«Եթե նրանք կառուցեին ճանապարհները, հիվանդանոց, մենք նույնիսկ բուժկետ չունենք, կառուցեին մանկապարտեզ, միգուցե մտածեինք փոխզիջման մասին, սակայն նրանք ոչինչ չեն անում մեր գյուղի համար, բայց ուզում են լճին տիրանալ», – ասում է Աշոտ Իրիցյանը:
Տաբածղուրցիները մտադիր չեն նահանջել: Եթե դատարանի որոշումը նրանց համար ընդունելի չլինի, նրանք պատրաստվում են դիմել մինչև Եվրոպական դատարան:
Շուշան Շիրինյան