Russian      Georgian

Դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան 5 տարի է երաժշտությամբ է զբաղվում: Այս տարիների ընթացքում տքնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքում անդադար հաղթանակներ է գրանցում միջազգային ու վրաստանյան տարբեր մրցույթներում

Հունիսի 4-ին Թբիլիսիում Անահիտ Ստելմաշովան արժանացավ «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին: Սա նրա համար հերթական հաղթանակն է դեպի համաշխարհային մեծ բեմեր:

Ամոթխած ժպիտը դեմքին, իրեն հատուկ կենսուրախությամբ ու ոգևորվածությամբ պատմում է 11-ամյա դաշնակահարը իր շրջագայությունների, փառատոնների, մանկական երազանքների մասին:

Մայիս ամսին Անահիտը Իտալիայում էր, հենց աշխարհահռչակ Ռոսինիի անվան թատրոնում նվագել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը» և արժանացել 2-րդ կարգի մրցանակի:

Անահիտը քույրիկների հետ

«Մեզ զանգեց Նինո Կոպատաձեն, մրցույթի տնօրենը և ասաց, որ ինձ ընտրել են, որ պետք է Իտալիա գնանք, ես շատ ուրախացա: Տխրում էի, որ ծնողներս ինձ հետ չէին, կարոտում էի, բայց Իտալիան ինձ շատ դուր եկավ: Երբ մրցանակներն էին հանձնում սիրտս արագ էր խփում, հայտարարեցին, որ երկրորդ տեղն եմ գրավել, ուրախությունից ուզում էի վերև թռչել, հազիվ էի ինձ զսպում»,- պատմում է փոքրիկ դաշնակահարուհին:

Անահիտը մրցանակն ստանալուն պես շտապել է իր հաղթանակի ուրախությունը կիսել ծնողների հետ: Անմիջապես մորն է զանգել. «Զանգեցի մայրիկիս, նա ասաց, որ ես իր խելացի աղջիկն եմ, հպարտությունը, բայց պետք է ավելի լավ պատրաստվեմ մյուս հաղթանակների համար»:

11-ամյա Անահիտ Ստելմաշովան 2 տարեկանից նվագում է, սակայն երաժշտական դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից: Սվետլանա Կարոյանը մանկապարտեզում լսելով Անահիտի կատարումը ծնողներին խորհուրդ է տալիս երեխային երաժշտական դպրոց ուղարկել:

«Մանկապարտեզում ես նվագել եմ, որտեղ ներկա է եղել իմ ուսուցիչը, ով հետագայում դարձավ իմ երաժշտական ուղին նախանշողներից մեկը: Ես իմ կամքով վեց տարեկանում շատ ուզեցի ու գնացի երաժշտական դպրոց», – պատմում է Անահիտը:

5 տարի անընդմեջ Անահիտը ոչ մի դաս բաց չի թողել: Չի եղել մի անգամ, որ չգնա երաժշտության դասերի, օրական 2,5 ժամ Երաժշտական դպրոցում և նույնքան էլ տանն է պարապում: Երաժշտությունը փոքրիկ վիրտուոզի տարերքն է:

jnews-ի հարցին, ի՞նչ կանի նա, եթե ինչ-որ մեկն արգելի իրեն երաժշտությամբ զբաղվել, հնչեց հստակ պատասխան՝ կսպանեմ:
Սիրում է դասական երաժշտություն, բայց… «Ամենաշատ սիրում եմ ջազ լսել, դասական եմ լսում, երբ տխուր եմ, ջազ, երբ ինձ հոյակապ եմ զգում»:

Յուրաքանչյուր մրցույթից Անահիտ Ստելմաշովան անհանգստություն է զգում, իսկ երբ բեմ է բարձրանում և մատները հպվում են դաշնամուրի ստեղնաշարին, հիշում է ուսուցչի խոսքերը:

«Ինչպես յուրաքանչյուր դաշնակահարուհի, այնպես էլ ես նախօրոք կենտրոնանում եմ ստեղծագործության վրա, հիշում եմ դասատուս ինչ էր ասում: Օրինակ. որ պետք է նվագել՝ կամ դանդաղ, կամ արագ, կամ զգացմունքով և անհանգստությունը կանցնի», – ահա այս խոսքերը Անահիտին ուղղորդում է դեպի հաղթանակ:

11-ամյա ախալքալաքցի տաղանդավոր Անահիտ Ստելմաշովան երազում է ապրել Փարիզում, սովորել Միշելում և ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան:

Երաժշտության մեջ ձգտում է նմանվել Էլիսո Փոփխաձեին ու Դենիս Մացուևին:

Անահիտը չի նեղվում, երբ փորձում է նվագել սակայն ինչ որ բան խանգարում է, մատները չեն շարժվում: Նա վստահ է, որ շատ աշխատելու դեպքում անպայման դրական արդյունքի է հասնելու: «Ես միշտ շարունակում եմ պարապել, լինում է մինչև մատներս բացվում են և ազատ կարողանում եմ նվագել: Կախված նրանից, թե ինչ ստեղծագործություն եմ նվագում, եթե երկար է, արդեն հոգնում եմ, բայց եթե սովորում եմ և ստեղծագործությունը նստում է մատներիս, չեմ զգում ինչպես է երաժշտությունն ավարտվում»,- ասում է Անահիտ Ստելմաշովան:

Անահիտ

Անահիտը ծնողների ավագ դուստրն է: Ազատ ժամանակ շատ է սիրում փոքր քույրերի հետ օճառապղպջակներով խաղալ:

«Շատ զգացմունքային է, քույրերին ուշադիր, էներգիայով լեցուն ու նպատակասլաց: Չի սիրում պարտվել, դրա համար անընդհատ պարապում, որ հաղթանակի հասնի: Աշխատում է ամեն ինչ անել: Մեկ-մեկ նեղվում է, որ դպրոցում ցածր գնահատական է ստանում: Հանգստացնում եմ, բացատրում, որ 8-ն էլ է բարձր և պարտադիր չէ ամեն առարկաները 10 սովորես»,- պատմում է Անահիտի մայրը, Դիանա Հակոբյանը:

Աղունիկ Այվազյան