Ախալքալաքում “Թումաս” կամրջի տակ մայիսի 29-ին մահացած հայտնաբերված աղջկա հարազատները վստահ են, որ աղջիկը մահացել է սպանության հետևանքով, այլ ոչ թե ինքնասպանություն է գործել:

Այսօր ժամը 14:00-ին կայացավ Ուզունյան Ա.-ի թաղումը, ով մեռած էր գտնվել Ախալքալաքում:

Չնայած այն հանգամանքին, որ մայիսի 30-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ կամրջի տակ հայտնաբերված մահացած աղջկա գործով ընթանում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հիման վրա, ինչը նշանակում է հասցնել ինքնասպանության, մահացած Ուզունյան Ա.-ի հարազատները և Ախալքալաքի բազմաթիվ բնակիչները պնդում են, որ դա ինքնասպանություն չէ:

Ներքին գործերի նախարարությունից մեզ ասացին, որ սկզբից հետաքննությունը սկսվել է «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, և որ նշանակվել է փորձաքննություն: Բայց կախված այն բանից, թե ինչ եզրակացություն կկայացնի փորձաքննությունը, հնարավոր է, որ հանցագործության կազմը կվերակվալիֆիկացվի: