Ախալքալաքի կենտրոնական փողոցները մեքենաների երթևեկության համար գտնվում են վատ վիճակում: Խորը և տարածված փոսերը մշտական պատճառ են հանդիսանում ավտոմեքենանների խափանման: Վարորդները անհամբերությամբ սպասում են ճանապարհների վերանորոգմանը:

Ախալքալաքում մասնավորապես դժվար երթևեկելի է կենտրոնական՝ Աղմաշենեբելի փողոցը, որը փոխվում է Ազատության փողոցի, ու այդ փողոցներին հարակից որոշ ճանապարհներ: Ավտոմեքենաները հաճախ փոսերից խուսափելու նպատակով դուրս են գալիս հակառակ գիծ, այդպիսով ստեղծելով վթարային իրավիճակ:

Անբարեկարգ ճանապարհներից դժգոհ են բոլորը, քանի որ այդ փողոցներով ամեն վարորդ գրեթե օրը մի անգամ անցնում է:

«Այս ճանապարհներով ոտքով անհնար է քայլել, էլ ուր մնաց մեքենայով երթևեկել: Իբր թե փոսային նորոգումներ արեցին անցյալ տարի, ավելի վատթարացրին վիճակը, երկու օր անց կրկին նույնն էր », – ասաց Սամվել Թորոսյանը:

Ալբերտ Գինոսյանը դժգոհում է, որ վատ ճանապարհների պատճառով իր մեքենան հաճախ է փչանում:

Ախալքալաքի կենտրոնական փողոցները վաղուց արդեն ասֆալտապատ են, սակայն այնտեղ պարբերաբար կատարվում են փոսային նորոգումներ:

Այս տարի որոշ փողոցներում արդեն սկսվել են փոսային նորոգումները: Մի քանի օր առաջ ավարտվեց Ջավախեթսկայա փողոցի փոսային նորոգումները, որը հանդիսանում է պետական մայրուղի և նախատեսված է բեռնատար ավտոմեքենաների երթևեկության համար: Ջավախեթսկայա փողոցի ասֆալտապատման ցածր որակի մասին jnews.ge-ն ի սկզբանե գրել էր անցյալ տարի: Բնակիչները բողոքում էին ոչ միայն ասֆալտապատման որակից, այլ նաև նրանից, որ հարթության ու ակոսների մակարդակի սխալ որոշման պատճառով անձրևաջրերը կուտակվում են փողոցի բնակիչների տների տակ:

Ավտոճանապարհների դեպարտամենտում անցյալ տարի մեզ ասացին, որ իրենք տեղյակ են այդ փողոցի վիճակին և պատրաստվում են ուղղել: Սակայն միայն վերջերս արվեցին փոսային նորոգումները: Բայց այս անգամ նույնպես բնակիչները գոհ չեն կատարված աշխատանքից:

«Երեք օր առաջ են ավարտել, բայց արդեն կրկին քանդվում է, պետք է որակով անել», – ասաց բնակիչը, ով չներկայացավ:

Ըստ Դավթյան Գրիգորի ծախսերն արվում են, բայց ապարդյուն, քանի որ աշխատանքը կատարվում է վատ:

«Որակով չեն անում, կարող է տարվա ընթացքում երկու անգամ վերանորոգեն, բայց անորակ», – ասում է նա:

Ներկա պահին Աղմաշենեբելի փողոցի վերջնամասից՝ Խոսպիո գյուղի կողմից սկսվել են փոսային նորոգումները: Իսկ Ազատության փողոցի վերանորոգումը, որը հիշեցնում է արգելքների անանցանելի ուղի փոսերի տեսքով, նախատեսվում է նորոգել 2017թ.-ին, իսկ թե երբ կսկսվի դեռևս անհայտ է:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների և ճանապարհների մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, այս տարի Ազատության փողոցի փոսային նորոգումները կիրականացվի մեծ հատվածներով:

«Պարզապես մենք կվերցնենք վերանորոգման համար ոչ թե փոքր հատվածներ, այլ՝ մեծ, մոտավորապես 10 քառակուսի մետր: Այս փողոցի ամբողջական ասֆալտապատում այս տարի չի նախատեսվում: Քաղաքում չասֆալտապատված մնացել են երկու կամ երեք փողոց, այս տարի դրանք էլ կասֆալտապատենք և կավարտենք քաղաքի փողոցների հիմնական վերանորոգումը », – ասում է Ռազմիկ Նահատակյանը:

дорогии

Շուշան Շիրինյան