Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցը մարզադահլիճ չունի, ամռանը ֆիզկրթության դասերը բակում են անցկացվում, ձմռանը՝ դպրոցի միջանցքներում, խանգարելով դպրոցում ուսմանական պրոցեսին:

Փոքր Խանչալի գյուղի դպրոցի ֆիզկրթության ուսուցիչ Արշակ Պոդոսյանը մասնագետ է, ինչը հաճախ չի հանդիպում Ջավախքի դպրոցներում ֆիզկրթության ուսուցիչների մոտ: Նա ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը ու ավելի քան 35 տարի է աշխատում է դպրոցում: Ուսուցիչը մտահոգված է, որ դպրոցը չունի սպորտդահլիճ:

«Մեր երեխաները շատ զարգացած են սպորտի բնագավառում: Մենք ոչ մի հնարավորություն չունենք սպորտի զարգացման համար, միայն ունենք մեկ մինի մարզադաշտ, այն էլ շատ անմխիթար վիճակում: Գոնե մարզադահլիճ կառուցեն դպրոցում», – ասում է Արշակ Պոդոսյանը:

Ուսուցիչը գտնում է, որ իրենց գյուղի երեխաների մեջ կա սպորտի զարգացման մեծ ներուժ: Ու դրա հիմքը պետք է դնել դպրոցից, ինչը շատ դժվար է անել առկա պայմաններում:

«Ձմռանն ու ամռանը, անձրևոտ եղանակներին ֆիզկրթության դասերը անցկացնում եմ միջանցքում, որտեղ հատակը բետոնից է: Ազատ դասարաններ դպրոցում չկան, բայց եթե լինեն էլ նրանք շատ փոքր են, անհնար է անցկացնել ֆիզկուլտուրայի դասերը դասասենյակներում: Երբեմն խանգարում ենք մյուսների դասերը, երբ անցկացնում ենք միջանցքում, բայց ինչ անենք, մենք այլ ելք չունենք», – ասում է ուսուցիչը:

Փոքր Խանչալի գյուղի դպրոցը կառուցվել է 1962 թ.-ին: Ներկա պահին դպրոցն ունի 73 աշակերտ:

Չնայած այն հանգամանքին, որ դպրոցը ֆիզիկական պատրաստվածության համար պայմաններ չունի, այս դպրոցի աշակերտները մշտապես ու ակտիվորեն մասնակցում են տարբեր տարածաշրջանային առաջնությունների, գրավում բազմաթիվ մրցանակային տեղեր:

Ըստ Արշակ Պոդոսյանի, դպրոցի աշակերտները լավ են հիմնականում ֆուտբոլում, թեթև ատլետիկայում և վոլեյբոլում:

Մեր հարցին, թե ինչպես են նրանք մարզվում վոլեյբոլով, եթե չկան պայմաններ, ուսուցիչը պատասխանեց. «Վոլեյբոլի դասերը ինչ-որ կերպ անցկացնում եմ, դասասենյակի մեջտեղից մի թել եմ կապել ու այդպես խաղում ենք, սովորելով և խաղալով: Այսպես իմ աղջիկները այս տարի վոլեյբոլի շրջանային առաջնությունում հաղթեցին և դուրս եկան եզրափակիչ, և խաղացին տարածաշրջանային փուլում: Բացի այդ, իմ աշակերտները հաճախ մասնակցել են «Ուրախ մեկնարկ» մրցումներին, որտեղ նույնպես զբաղեցրել են մրցանակային տեղեր», – ասում է նա:

Արշակ Պոդոսյանը նպատակահարմար է համարում մեր եղանակային պայմաններում զարգացնել սեղանի թենիսը և դահուկային սպորտը:

Դպրոցի աշակերտներին դուր են գալիս ֆիզիկական կրթության դասերը և նրանք նույնպես խնդրում են, որպեսզի դպրոցում դասերի անցկացման համար ստեղծվեն համապատասխան պայմաններ:

«Վերջերս մասնակցել ենք վոլեյբոլի առաջնությանը, որը անցկացվում էր Ախալցխայում ու զբաղեցրել են երկրորդ տեղը: Վազքի մրցույթում նույնպես, Ախալցխայում գրավել են երկրորդ տեղը: Դժվար է, երբ դպրոցում չկան պայմաններ պարապմունքի համար, բայց ինչ անենք», – ասում է 10-րդ դասարանի աշակերտուհի Լենա Վարդանյանը:

Բորիս Ղարսլյան