Ախալքալաքի տեղական իշխանությունները նամակով դիմել են Տարածաշրջանային Զարգացման և Ֆինանսների նախարարություններ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 10:00-ին Ախալքալաքի Վարչության շենքում տեղի է ունեցել տեղական մարմինների նիստ: Նիստին ներկա են եղել շրջանի ղեկավարությունը, շրջանային ժողովի պատգամավորները, Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավորը և գյուղերի տարածքային մարմինների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում հիմնականում քննարկվել է երկու հարց՝ Վարչության աշխատակիցների սերտեֆիկացումը և հարկային կանոնակարգը: Քննարկվել է նաև մաքսային հարցեր և Վարչության ծառայությունների աշխատանքը:
Մեր ունեցած տեղեկության համաձայն նիստի ժամանակ պատրաստվել է երկու նամակ: Մեկը՝ Տարածաշրջանային Զարգացման նախարարությանը, մյուսը՝ Ֆինանսների նախարարությանը:
Տարածաշրջանային Զարգացման նախարարությանն ուղղված նամակում առաջարկվում է Ախալքալաք ուղարկել մասնագետների, ովքեր Վարչության աշխատողներին կնախապատրաստեն առաջիկա սերտիֆիկացմանը: Տեղական բյուջեից ծրագրային ծառայությունների ապահովման համար հատկացվել է 1500 լարի:
Ֆինանսների նախարարությանն ուղղված նամակը պարունակում է խնդրանք՝ Ախալաքալաք ուղարկել հարկային ծառայության համապատասխան ներկայացուցիչների, որպեսզի հենց տեղում մանրակրկիտ քննարկվեն հարկային ծառայության հետ կապված բնակչությանը հուզող հարցերը:
Նամակների գրման առիթ է հանդիսացել նախորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Ախալքալաքի հարկային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը: Այդ միջադեպի ժամանակ Ախալքալաքի բնակիչները հավաքվել էին հարկայինի շենքի մոտ և իրենց բողոքն էին ներկայացրել այն տուգանքների նկատմամբ, որոնք այդ օրը գրել էին Ախալցխայի հարկային ծառայության աշխատակիցները: Մասնավորապես խնդիրը վերաբերվում էր մի տարեց կնոջ, ով իր տանը հացի վաճառքով է զբաղվում: