Ախալքալաքի շրջանի գյուղերում Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման պետական դպրոցի մոբիլ խմբերը մեծահասակներին վերացերեն են սովորեցնում:
Պետական լեզուն սովորելու խնդիրը Վրաստանում հրատապ դարձավ 2000-ականների սկզբից: Պետությունը սկսեց ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի որ երկրում կան էթնիկ փոքրամասնություններով բնակեցված երկու խոշոր համայնքներ՝ ադրբեջանցիներն ու հայերը: Վրաստանը հասկացավ, որ այլազգի քաղաքացիները ովքեր բնակվում են Քվեմո-Քարթլիում և Սամցխե-Ջավախքում ինտեգրված չեն և ոչինչ չգիտեն երկրի մասին, որի քաղաքացիներն են հանդիսանում:
Պետական լեզվի չիմացությունը դեռևս շարունակում է մնալ ախալքալաքցիների հիմնական խնդիրը վրացական հասարակության մեջ ինտեգրվելու գործընթացում: Եթե ուսանողները հնարավորություն ունեն կրթվելու վրացական ԲՈւՀ-երում, իսկ դպրոցականները սովորելու՝ դպրոցում, ապա մեծահասակները Ախալքալաքում վրաց լեզվի դասընթացների կարող են հաճախել Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման պետական դպրոցում: Քանի որ գյուղերից Ախալքալաք հասնելը միշտ չէ, որ իրական էր, ուստի 2016 թ.-ի դեկտեմբերին գյուղերում վրացերեն սովորեցնելու համար բացվեցին մոբիլ խմբեր:
Ներկա պահին մոբիլ խմբերը դասեր են անցկացնում 6 գյուղերում, թվով 9 խմբերի հետ: Յուրաքանչյուր խմբում սովորում են 5-ից 15 մարդ:
«Մշտապես մոբիլ խմբերը մեկնում են տարբեր գյուղեր: Մեկնում են կոնկրետ այն գյուղերը, որտեղ ցանկացողներ կան: Կոնկրետ թվեր չկան, օրինակ լինում է, որ մոբիլ խումբը մեկնում է երկու գյուղ, լինում է, որ միանգամից՝ 10 գյուղ: Լինում է, որ ցանկացողները այնքան շատ են, որ մի գյուղ մեկնում են միանգամից երկու խումբ: Քննություններ են սպասում Բալխո, Դիլիսկա, Դադեշ, Ալաստան, Կարտիկամ, Խանդո և այլ գյուղերում: Կային խմբեր Կոկիոյում, Զակում, համարյա բոլոր գյուղերում: Քննություններ են տալիս ու անցնում երկրորդ, երրորդ փուլ: Մի գյուղի համար մեկնում է մի ուսուցիչ: Մեզ հաղորդում են, որ կա խումբ, կան վրացերեն սովորել ցանկացողներ, և հատկացվում է տարածք, որտեղ հնարավոր է անցկացնել դասեր: Դա հիմնականում դպրոցներն են, հետո պաշտոնապես ձևակերպվում է ու ուսուցիչը սկսում է գնալ այդ գյուղեր»,- ասում է Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման պետական դպրոցի ախալքալաքյան բաժնի պաշտոնակատար Մագդա Ամիրաշվիլին:
Իր մեքենայով շաբաթը մի քանի անգամ Ախալցիխեից Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղ` Դիլիսկա է գալիս վրաց լեզվի ուսուցիչ Իամզե Մսխվիլիձեն:
«Գալիս է 3 խումբ` 15 հոգի ծնողներ, 12 աշակերտներ և 7 ուսուցիչներ: Հայտերը ստանում ենք հենց գյուղացիներից: Ես ուսուցիչ-թրեներ եմ ու արդեն 6 տարի է աշխատում եմ այստեղ: Շատ մեծ է հետաքրքրությունը: Շատերը լավ խոսում են: Նրանց դուր է գալիս: Ներկայիս մակարդակը նրանք լավ գիտեն, և շուտով կանցնեն երկրորդ մակարդակ», – ասում է Իամզե Մսխվիլիձեն:
Ցուրտ դասարանում դպրոցական ժամերից հետո այստեղ նստում են տարբեր տարիքի ուսուցիչներ, ինչպես երիտասարդ այնպես էլ՝ տարեց: Ուսուցիչները սովորում են վրաց լեզուն:
«Մենք ամեն ինչ չենք հասկանում, բայց տեքստի իմաստը ընդհանուր առմամբ հասկանում ենք ու արդեն կարող ենք նորմալ գրել: Անցել ենք А1 մակարդակը և հիմա անցնում ենք A2-ը: Արդեն կարող ենք խոսել տարբեր թեմաների շուրջ: Ես հայոց լեզվի ուսուցիչ եմ: Այլ առարկաների ուսուցիչները հնարավորություն ունեն սովորելու, նրանց դասագրքերում կա վրացական մաս, այդպես նրանք աստիճանաբար սովորում են: Ուսուցիչը մեզ մոտ արդեն 6 տարի է աշխատում է», – ասում են ուսուցիչները հերթականությամբ, լրացնելով միմյանց:
Երբեմն հաղորդակցությունը դասավանդողի և ուսուցիչների միջև տեղի է ունենում վրաց լեզվով, իսկ երբեմն ուսուցիչները հարցնում են մոբիլ խմբի ուսուցիչներին հայերեն, իսկ նա պատասխանում է վրացերենով: Իամզեն 6 տարվա ընթացքում սկսել է հասկանալ ու հայերեն բառեր արտասանել: Նրան այստեղ սիրում են աշակերտները, որոնք անհամբերությամբ սպասում են դպրոցի բակում իրենց հերթին:
«Ուսուցիչն արեց ամեն ինչ, որ ես սովորեմ լեզուն: Որոշ բաներ չեմ հասկանում, բայց ես գնում եմ դասընթացներին որպեսզի լավ իմանամ: Ես ոչնչով չեմ զբաղված, տանը նստած եմ: Ես միշտ խոսում եմ վրացերեն, լուրերը դիտում եմ վրացերենով: Անկեղծ ասաց ես շատ ուրախ եմ, որ մեր գյուղում հնարավորություն կա սովորելու լեզուն, և պետք չէ դրա համար գնալ քաղաք», – ասում է Դիլիսկա գյուղի բնակիչ Սվետլանա Գաբրիելյանը:
Քրիստինե Մարաբյան