Դիլիսկա գյուղի պարային խումբը 3 տարի է գործում և պարապունքներ անցկացնում միայն տարվա տաք եղանակին, քանի որ մշակույթի տունը, որտեղ փորձեր է անում խումբը չունի ջեռուցում: Գյուղի Մշակույթի տան վիճակը հետզհետե վատթարանում է անուշադրության մատնված լինելու պատճառով:
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի մշակույթի տան դռները բաց են տարվա ցանկացած եղանակի յուրաքանչյուր այցելուի համար, և անգամ մեծ ցանկության դեպքում դրանք հնարավոր չէ փակել, որովհետև դռան փականը չի աշխատում։ Սակայն դա կարծես անհանգստության պատճառ չի հանդիսանում, քանի որ սա մի վայր է, որտեղ ոչինչ չկա, բացի մեխված նստարաններից։
Տաք եղանակներին գյուղի պարային խումբը մշակույթի տանն է անցկացնում դասընթացները, իսկ ցուրտ եղանակներին, նրանք դադարեցնում են դասընթացները ջեռուցման բացակայության պատճառով: Այլընտրանքային տարածք չկա պարապմունքներ անցկացնելու համար։
7 ամսում երեխաները մոռանում են այն, ինչ սովորել են 5 ամիսների ընթացքում:
«Մեր առաջնային խնդիրը ջեռուցման բացակայությունն է։ Երեխաները հինգ ամիս հաճախում են դասերի, հետո «արձակուրդ» են գնում ոչ իմ ցանկությամբ ոչ էլ իրենց՝ այլ պայմաններից ելնելով։ Արդեն հինգ ամիս է դասեր չենք անում, և դա երեխաների վրա բացասական ազդեցություն է ունենում, սովորած շարժումները սկսում են մոռանալ», – մեզ հետ զրույցում ասաց Դիլիսկա գյուղի պարի խմբի ուսուցիչ Ռադիկ Եզոյանը։
«Օգնություն գյուղին» ծրագրով անցած տարի առաջնային որոշ ծախսեր փորձել են հոգալ, սակայն դրանով խնդիրները չեն վերջացել։ Դահլիճում բացի ջեռուցման բացակայությունից չկա նաև համապատասխան հատակի ծածկ՝ գոյություն ունեցողն էլ կոտրվել է և դրա վրա քայլելն արդեն վտանգավոր է։
«Հերթական դասերից մեկի ժամանակ հատակը կոտրվեց և երեխաներից մեկը ընկավ անցքի մեջ։ Չնայած վնասվածք չունեցավ, բայց այնուամենայնիվ վտանգավոր է լրիվ մեխերը ժանգոտված են, հանկարծ մեկը դրանց վրա ընկնի, հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան», – ասաց Ռադիկ Եզոյանը։
«Մշակույթի տանը շուտով կլինի էլեկտրականություն, որը նույնպես կարևոր միջոցներից մեկն է։ Երեք տարի գործող պարային խումբ է և մինչև անցած տարի ունեինք երաժշտության խնդիր, սակայն այսօր այդ խնդիրը լուծվել է, մենք ունենք արդեն համապատասխան սարքավորում», – ասաց Ռադիկ Եզոյանը։
Դիլիսկայի մշակույթի տունը բավականին մեծ է և հարմար տարբեր միջոցառումներ անցկացնելու համար և, համեմատած շրջանի շատ գյուղերի մշակութային տների հետ, այն կարգի բերելու համար մեծ ծախս չի պահանջվում, շենքը գտնվում է նորմալ վիճակում, հարկավոր է վերանորոգել հատակը և լուծել ջեռուցման խնդիրը: Սակայն եթե անտեսվի այնպես, ինչպես մինչև այսօր է անտեսվել, ապա այն շատ կարճ ժամանակահատվածում կհայտնվի անմխիթար վիճակում։
Ջուլիետա Տոնականյան