Թբիլիսիում խոսում են Ջավախքի հիմնախնդիրների մասին, մինչդեռ Ջավախքում լռում են այդ մասին, այս եզրակացությանը եկավ երիտասարդ առաջնորդների մի խումբ Եվրոպաից, որը եկել է Վրաստան ազգային փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրության համար:

Հոկտեմբերի 25-ին Ախալքալաքում «Կորիզ» երիտասարդ առաջնորդների խումբը Եվրոպայի 13 երկրներից հանդիպեցին տեղի հասարակական կազմակերպությունների, կրոնական ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Կորիզ»-ը 35 անդամներից բաղկացած, ազգությամբ հայ և հրեա երիտասարդ առաջնորդների խումբ է, ովքեր ուսումնասիրում, ծանոթանում են Վրաստանում ազգյաին փոքրամասնությունների խնդիրներին, թե ինչպես են կարողանում պահպանել իրենց էթնիկ տեսակն ու միաժամանակ ինտեգրվել Վրաստանի քաղաքական, հասարակական ու մշակութային կյանք: Ծրագրի ընթացքում Թբիլիսիում հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների և կրոնական առաջնորդների հետ:

«Կորիզի» անդամները Ախալքալաքում 2 հանդիպում ունեցան. հասարակական կազմակերպությունների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, և առանձին հանդիպում տեղի կրոնական առաջնորդների հետ: Երիտասարդները հանդիպումներին ուղղեցին տարաբնույթ հարցեր. Վրաստանում և հատկապես Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու խնդիրների վերաբերյալ, հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի, մշակութային կյանքի, գործազրկության, կրթական պայմաների, մարդկանց ապրելակերպի, Վրաստան-Հայաստան հարաբերությունների խաչմերուկում Ջավախքի վիճակի և այլնի մասին:

Ավստրիայից ժամանած Մարինա Սարգսյանի մոտ, ինչպես նաև «Կորիզի» մյուս անդամների, հակասական տպավորություն է ստեղծվել. «Հետաքրքիր է Թբիլիսում բոլորը կարծես միաձայն ասում էին, որ պետությունը լուրջ խնդիրներ ունի կապված ազգային փոքրամասնությունների հետ: Սակայն այստեղ մի տեսակ կաշկանդված են պատասխանում մեզ հուզող հարցերին և ասում են որ խնդիրներ չունեն: Հասկանալի է, որ կան լուրջ խնդիրներ: Հանդիպման ավարտին միայն Արտակի (Արտակ Գաբրիելյան) խոսելուց իմացանք լուրջ խնդիրների մասին»:

Նշենք, որ «Կորիզ»-ի անդամների հուզող հարցերին պատասխանում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, վարչության նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանը, Հայկական Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Արփի Միրաքյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը և Հայր Ալեքսանդրը:

liderner 2