Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Խորհրդարանում հայտարարել է, որ երկրի բնակչությանը հարկավոր է ավելի շատ ժողովրդավարություն, որը ենթադրում է ավելի մեծ ներգրավվածություն որոշումների կայացման պրոցեսում:

«Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի անմիջական ընտրությունից, քանի որ ժողովուրդը ավելի շատ ժողովրդավարության կարիք ունի», – Խորհրդարանում ամենամյա ելույթի ժամանակ հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը ներկայացավ երկրում անմիջական նախագահական ընտրությունները վերացնելու նախաձեռնությամբ: Այս հարցը, ի թիվս այլոց, քննարկվում է պետական հանձնաժողովի կողմից, որը աշխատում է Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վրա: Նախագահը կարծում է, որ նախաձեռնությունն ուղղված է իր դեմ, ինչը «Վրացական երազանքը» կտրականապես հերքում է:

«Մենք չենք կարող զրկել մարդկանց նախագահ ընտրելու իրավունքից: Նախագահ ընտրելու իրավունքը չպետք է կախված լինի ներկայիս և ապագա նախագահից, ինչպես նաև ներկայիս կամ նախկին վարչապետի ցանկությունից, այլ մարդկանց կարիքներից, իրական հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտությունից», – հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նախագահը Վրաստանի Խորհրդարանում ելույթն սկսեց իշխանություններին քննադատելով: Նա նշեց, որ սա հիմք է հանդիսացել «Սահմանադրությունը պատկանում է բոլորին» քարոզարշավի մեկնարկի համար:

«Որպեսզի հասարակության լայն շրջանակները ակտիվորեն ներգրավվեն սահմանադրական արժեքների հիմնարար սկզբունքների վերանայմանը և ձևավորմանը: Ես հուսով եմ, որ նման քննարկումները կմիավորեն մեր հասարակությունը, իսկ ժողովրդի ձայնը ավելի լսելի կլինի», – ասաց Մարգվելաշվիլին:

«Ես ուզում եմ տեղեկացնել սահմանադրական հանձնաժողովի անդամներին, որ ժողովուրդը ավելի շատ ժողովրդավարություն է ուզում, ոչ թե ինքնակառավարման թուլացում, այլ ամրապնդում, հասանելիություն և համընդհանուր կրթություն, ավելի շատ ընտրական պաշտոններ, ու այդ պաշտոնյաների հաշվետվողականության բարձրացում, վերահսկողության մեխանիզմի ամրապնդում: Հասարակությունը ցանկանում է ավելի շատ ներգրավվել որոշումների կայացման մեջ», – ընդգծեց Մարգվելաշվիլին:

Sputnik-Georgia