Մինչև սույն տարվա վերջ նախատեսվում է ավարտել Վաչիան գյուղի Սբ Սիոն եկեղեցու վերակառուցումը:
Սույն տարվա գարնանից մինչ օրս ընթանում են շինարարական աշխատանքներ Վաչիան գյուղի Սբ Սիոն Եկեղեցում, նախնական տվյալներով մինչև տարվա վերջ նախատեսվում է վերաօծել եկեղեցին:
Խորհրդային կարգերի տապալումից հետո, դեռևս 1993 թվականին վաչիանցիները ձեռնամուխ եղան գյուղի եկեղեցու վերակառուցման գործին: Սակայն խառնակ ժամանակներում բարերար Վարուժան Բարբարյանի միջոցներով հնարավոր եղավ կառուցել միայն եկեղեցու պատերը: Եվ միայն 10 տարի անց հնարավոր եղավ Եկեղեցու կտուրը կառուցել, բայց այդ անգամ էլ եկեղեցու շինարարությունն անավարտ մնաց:
Ահա 2014-ին, մեկ տասնյակից ավելի ռուսաստանաբնակ վաչիանցիների և գյուղաբնակների համատեղ ուժերով հիմնովին վերակառուցվում է գյուղի Սբ Սիոն Եկեղեցին:
Իր մեծությամբ Վաչիանն Ախալքալաքի ամենամեծ գյուղերից մեկն է, և յուրաքանչյուր եկեղեցական ծես՝ պսակ, մկրտություն, օրհնության կարգ և այլն, իրականացնելու համար վաչիանցիները ստիպված են լինում ամեն անգամ գնալ Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցի:
Նշենք, որ Վաչիան գյուղի Սբ Սիոն Եկեղեցին հիշատակվում է դեռևս 1830-ական թվականններից: Եղել է քարաշեն, փայտածածկ շինություն, որը 1887թ. Պատմաբանների աշխատանքներում հիշվում է որպես «բավական գեղեցիկ նորաշեն եկեղեցի»: