Ջավախքի հարցվող բնակիչների մեծամասնությունը չի ուզում պատասխանել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց սպասումների մասին հարցերին, իսկ պատասխանողների մեծամասնությունը լավ սպասելիքներ չունի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու շինարարությունը սկսվել է 2007 թ.-ին, ու արդեն 10 տարի է շարունակվում է: Երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետը հետաձգվել է մի քանի անգամ, ու ըստ վերջին տվյալների, Բաքու-Թբիլիսի-Կարսը մինչև 2017թ.-ի վերջ կաշխատի:

Ինչ է նշանակում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ջավախքի բնակիչների համար, այն պայմաններում, երբ այս ճանապարհը անցնում է հենց Վրաստանի այս տարածաշրջանի միջով: Այս մասին jnews.ge-ն որոշեց տեղեկանալ հենց բնակիչներից:

Հարցումն անցկացվել է Նինոծմինդայում և Ախալքալաքում: 67 հարցվողներ պատասխանել են հետևյալ հարցերին: 1. Որքան կարևոր է ձեզ համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: 2. Ինչ օգուտներ եք տեսնում ձեզ համար: Եվ 3. Ինչ վտանգ կարող է կրել այս երկաթուղին:

Հարցման ընդհանուր արդյունքներից ելնելով՝ 49% – ը հրաժարվել են պատասխանել այդ հարցերին, մեկ հարցվող ընդհանրապես չի իմացել երկաթուղու մասին, 40%-ը ոչ մի լավ բան չի սպասում: Եվ միայն 10% -ն են լավատեսորեն տրամադրված:

Ինչ վերաբերում է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների հարցման տվյալներին, ապա պատկերը հետևյալն է: Ախալքալաքի շրջանից հարցվել է 37 մարդ: Նրանցից 10-ը հրաժարվել են պատասխանել, մեկ մարդ ընդհանրապես տեղյակ չի եղել շինարարության մասին: 20 մարդ ոչ մի լավ բան չեն սպասում: Մնացած 7-ը լավատեսորեն են տրամադրված:

Նինոծմինդայի շրջանում հարցվել է մոտ 30 մարդ, որից 23-ը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել, իսկ մնացած 7-ը ոչ մի լավ սպասելիք չունի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցվողների ամենա հետաքրքիր և բացահայտ մեկնաբանությունները:

«Ես կասկածում եմ որ այդ երկաթուղին ձեռնտու է ջավախքցիների համար ու ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Այն կաշխատի ի վնաս Հայաստանի և Վրաստանի: Ոչ մի աշխատատեղ մեզ չի հասնի, իսկ եթե հասնի էլ, դա կլինի ցածր վարձատրվող աշխատանք: Սա թուրք-ադրբեջանական նախագիծ է իրենց տարածքները ընդլայնելու համար: Եթե մենք ունենայինք մեր հանդեպ լավ տրամադրված հարևաններ, մտահոգության ոչ մի պատճառ չէր լինի, քանի որ երկաթգիծը ունի դրական ազդեցություն առևտրի զարգացման վրա », – ասում է Գրիգոր Ղեվենյանը:

«Ես լսել եմ որ կլինի առևտրի կենտրոն, դա լավ է, մենք կկարողանանք վաճառել մեր ապրանքները», – ասում է Վելիխան Մկրտչյանը Նինոծմինդայից:

«Երկաթգիծը ինքնին շատ լավ է, բայց քանի որ այդ երկաթգիծը կապված է Թուրքիայի հետ, ես վտանգ եմ տեսնում ու ոչ մի լավ բան չեմ սպասում», – ասում է Մերուժան Կիրակոսյանը:

«Երկաթգիծը բացում է հեռանկարներ բնակիչների առջև, սա առաջընթաց է, բայց կա վտանգ, քանի որ մյուս կողմում կանգնած են թուրքերը», – ասում է Իրինա Տումանյանը:

«Ճանապարհը դեպի արոտավայր երկաթգիծը փակել է: Դա մեզ համար առաջնային խնդիր է, իսկ ինչ կլինի հետո ես չգիտեմ », – ասում է Գոնդուրա գյուղի բնակիչը:

«Առայժմ ոչ օգուտն ենք տեսել ոչ էլ վտանգը: Կավարտեն շինարարությունը, երկաթգիծը կաշխատի, հետո կտեսնենք ինչ կտա, բայց այն որ մեր հողերը գնեցին կոպեկի գնով, փաստ է, և դեռ երկաթգծի շինարարությունից հետո ճանապարհը դեպի արոտավայր դարձավ էլ ավելի երկար», – ասում է Ղուլալիս գյուղի բնակիչը:

« Հնարավոր է շատանան գողության դեպքերը, բայց մյուս կողմից կբացվեն աշխատատեղեր», – ասում է Նինո Ինասարիձեն:

«Կա վտանգ: Եվ մենք ոչ մի օգուտ էլ չենք ունենա: Հետո ինչ որ անցնում է մեր տարածքով: Մեր բյուջեն մի կոպեկ դրանից չի մտնելու: Իսկ բոլոր աշխատողները այդտեղ թուրքեր կլինեն: Մեզ համար դա ոչ մի նշանակություն չունի », – ասում է Արմեն Մանվելյանը:

«Հնարավոր կլինի ապրանքները տեղափոխել Եվրոպա: Դա լավ կլինի բիզնեսի համար: Եթե որոշ մարդիկ կարծում են, որ դա ազդում է մեր ազգային արժանապատվությանը, դա պետք է որոշեն ղեկավարները, իսկ հասարակ ժողովուրդը միշտ էլ եղել են բարեկամական հարաբերություններում – թուրքերն ու հայերը », – ասաց հարցվողը, չցանկանալով տալ իր անունը:

«Ես ակնկալում եմ, որ կբացվեն շատ աշխատատեղեր, և մեր ժողովուրդը կարող է գտնել աշխատանք: Իսկ վտանգ ամենուր էլ կա, եթե այդպես նայենք, պարզապես մեր ոստիկանությունը պետք է ավելի լավ աշխատի: Վտանգը արդեն կար, երբ սահմանը բացեցին: Բայց անձամբ ես ակնկալում եմ, որ լավ է լինելու: Ես ուզում եմ իմ որդին տիրապետի վրացերենին, որ ուղարկեմ Թբիլիսիում կրթություն ստանա, որ հետո կարողանա աշխատել երկաթգծում », – ասում է Անահիտ Ասատրյանը:

Շուշան Շիրինյան
Բորիս Ղարսլյան