Նինոծմինդայի ծննդատանը անցկացված ստուգման արդյունքում «Էվեքս» ընկերության տեղի հիվանդանոցի սեփականատիրոջը տրվել է թերությունները վերացնելու և չափանիշների անհամապատասխանությունները կարգավորելու վերջնաժամկետ: Հակառակ դեպքում Առողջապահության նախարարությունը կփակի ծննդատունը:

Մարտի 28-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում անցկացվեց ծննդատան աշխատանքի գնահատում: Ստուգումը անցկացվեց պերինատալ վերակազմավորման շրջանակներում, որը անցկացնում է Առողջապահության նախարարությունը: Այս բարեփոխումների նպատակն է բարելավել երկրում պերինատալ (ծննդական) ծառայությունները:

Ստուգումը իրականացվել էր պարզելու, թե ինչ մակարդակի է Նինոծմինդայի շրջանի ծննդաբերական բաժանմունքը: Ծննդատան վիճակը, որը տեսան նախարարության ներկայացուցիչները, նրանց չուրախացրեց: Կան խնդիրներ, թերություններ սարքավորումների և կադրերի առումով:

Ըստ առողջապահության փոխնախարարի խորհրդականի, նախարարության ամենից կարևոր նպատակն է համոզվել որ կանայք ապահովված են անվտանգ ծննդաբերությամբ:

«Նախարարությունը զգուշացրել է հիվանդանոցին, որ երեք ամսվա ընթացքում կլինիկան պետք է լուծի իր խնդիրները», – պատմեց առողջապահության փոխնախարարի խորհրդական Էկա Փեստվենիձեն:

Երեք ամիսը լրանալուց հետո նեոնատոլոգ փորձագետը, մանկաբարձ-գինեկոլոգ փորձագետը և նախարարության ներկայացուցիչը նորից կլինիկայում կանցկացնեն փորձաքննություն և կգնահատեն, թե որքանով է կլինիկան համապատասխանում առաջին մակարդակի չափանիշներին: Եթե կլինիկան չհամապատասխանի այդ ստանդարտներին, առաջ կգա Նինոծմինդայի ծննդատունը փակելու հարցը:

Բոլոր այդ թերությունները, որոնք հայտնաբերել է հանձնաժողովը, պետք է վերացնի «Էվեքս» ընկերությունը, որը Վրաստանում ունի մեծ թվով բժշկական կլինիկաներ, որոնց թվում Նինոծմինդայի հիվանդանոցը:

Շրջանի բնակիչները չեն ցանկանում ծննդատան փակումը, քանի որ այն էականորեն կազդի նրանց ընտանիքների բյուջեին:

Բորիս Ղարսլյան