Ախալքալաքի մանկապարտեզների նոր խմբերի համար կահույքի գնման տենդեր-մրցույթի 3 մասնակիցները հերթականությամբ տեխնիկական փաստաթղթերի պատճառով որակազրկվում են, դատվում միմյանց հետ, ինչի արդյունքում տենդերը ձգձգվում է և խմբերը դեռ չեն բացվում:
Ախալքալաքի երեք մանկապարտեզներում հունվարից պետք է բացվեին նոր խմբեր: №1 մանկապարտեզում բացվելու է մեկ խումբ, իսկ №2 և №3 մանկապարտեզներում երկուական խմբեր: Այդ խմբերում որպես դաստիարակ և դայակ աշխատելու համար Ախալքալաքի Շրջանային վարչությունը ստացել է հարյուրավոր դիմումներ: Բոլոր դիմողները, ինչպես նաև մանկապարտեզների երեխաների ծնողները, սպասում են նոր խմբերի համար աշխատողների մրցույթին: Սակայն, մինչև չորոշվի թե ով է շահել կահույքը ապահովելու տենդերը, մրցույթը չի կայանա:
Նոր խմբերի կահույքի գնման տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2017թ.-ի փետրվարի 10-ին 30 300 լարի գումարի չափով:
Տենդեր-մրցույթին մասնակցել են հինգ թեկնածուներ` չորս անհատ ձեռնարկատեր և մեկ ընկերություն: Որոնցից չորսը տեղացի չեն, իսկ մեկը տեղացի է:
Այն դեպքում եթե մրցույթը հաղթող ձեռնարկատերը կամ ընկերությունը որակազրկվում է, ըստ մրցութային պայմանների, աշխատելու իրավունքը անցնում է նախորդին, առաջարկված գումարի համաձայն:
«Փաստաթղթերը չեն համապատասխանում մեր պահանջներին: Մենք պայմաններում գրել ենք՝ անհրաժեշտ է, որ ընկերությունը ունենա առնվազն հինգ տարվա փորձ: Բայց պարզվեց, որ այդ բոլոր երեք մասնակիցները չունեն փորձ, այդ իսկ պատճառով որակազրկվել են»,- ասում է Ախալքալաքի մանկապարտեզների միության հաշվապահ Աստղիկ Տաշչյանը:
Տենդերը ներկայումս ակտիվ կարգավիճակում չէ այն պատճառով, որ որակազրկված մասնակիցները դատվում են իրար հետ:
«Հաղթող գործարարը Թբիլիսիից է: Նա առաջարկել է գին, նվազեցնելով տենդեր-մրցույթի գումարը ավելի քան 20%-ով: Նա ներկայացրել է փաստաթուղթը փորձագետների եզրակացությամբ ու այժմ Թբիլիսիի մնացած մասնակիցները դատվում են նրա հետ: Իսկ դատարանի որոշման համար ժամանակ է հարկավոր ու այդ պատճառով մեր տենդերը ձգձգվում է»,- ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի ծառայության, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:
Ախալքալաքի շրջանի Մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանն ասում է, որ մինչ ապրիլի 1-ը ամենայն հավանականությամբ, կլուծվի տենդեր-մրցույթի երրորդ թեկնածուի խնդիրը և տենդերը հնարավոր կլինի շարունակել:
Մինչդեռ տենդեր-մրցույթը ձգձգվում է մասնակիցների պատճառով, մանկապարտեզներում մտածում ու անհանգստանում են այն մասին, թե ինչ կադրեր են աշխատելու նոր խմբերում: №3 մանկապարտեզի մենեջեր Կարինե Սահարյանը արդեն նոր խմբերի համար գրանցել է 60 երեխա, և նրա առաջնահերթ պահանջն այն է, որ նոր աշխատակիցներն ունենան բարձրագույն կրթություն:
«Եթե չունենան կոնկրետ մասնագիտական կրթություն, առնվազն պետք է ունենան բարձրագույն կրթություն, իսկ երկրորդը, պետք է իմանան ինչպես շփվել երեխաների հետ: Քանի որ դաստիարակի աշխատանքը շատ պատասխաանտու է: Իրականում ես իսկապես ուզում եմ, որ իմ դաստիարակները անցնեն թրեյնինգ-վարժանքներ հմտությունների բարձրացման համար: Ինչքան ժամանակ է ես աշխատում եմ և մինչ այդ էլ ոչ ոք չի անցել որևէ թրեյնինգ: Ամեն ինչ զարգանում է, նոր ծրագրեր են հարկավոր»,- ասում է Կարինե Սահարյանը:
Ներկա պահին նոր խմբերի ձևավորումը հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ ընդունել նոր աշխատակիցներ սենյակների չկահավորված լինելու պատճառով որպեսզի նրանք անցնեն պրակտիկա, կամ ձեռք բերեն փորձ: Ախալքալաքի շրջանի Մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանն ասում է, քանի դեռ նոր խմբերը ձևավորված չեն սխալ կլինի ընդունել նոր աշխատողներ:
«Այդպիսի օրենք չկա: Սա կոչվում է պրակտիկա ու այն չի վճարվում: Եթե աշխատանքի ընդունենք, ապա պետք է վճարենք, իսկ պրակտիկան չի վճարվում: Մեզ պետք են փորձառու աշխատողներ, թող իրենք գնան պրակտիկայի»,- ասաց Զարուհի Բարբարյանը:
Դեռ որքան կտևի վեճը տենդեր մրցույթի մասնակիցների միջև և երբ կբացվեն նոր խմբերը, ցույց կտա ժամանակը: Հարկ է նշել, որ սկզբից շրջանը նոր խմբերը մտադիր էր բացել դեռ անցյալ տարվա վերջին:
Շուշան Շիրինյան