Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի Մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում: Պարային խմբերը, որոնք գործում են Մշակույթի տանը, ստիպված են իրենց պարապմունքները անցկացնել նախկին գյուղապետարանի շենքում:
Բարալեթ գյուղի Մշակույթի տունը կառուցվել է 1973թ.-ին և 44 տարվա ընթացքում շենքը վերանորոգվել է միայն մեկ անգամ: Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Մշակույթի տան շենքը աստիճանաբար վերածվել էր աղբանոցի: Շենքը բաղկացած է չորս սենյակներից և մեծ դահլիճից, 247 նստատեղով հանդիսատեսի համար:
Պետյա Կույումչյանը աշխատում է որպես Մշակույթի տան տնօրեն 2002թ.-ից:
«Եթե չլինեին իմ ջանքերը, ապա ինչ որ տեսնում եք, դա էլ չէր լինի: Երբ ես սկսեցի աշխատել, շենքից 17 սայլակ աղբ դուրս բերեցի: Այստեղ ելույթ են ունեցել Մայա Մարգարյանը, Անդրեն, Արսեն Սաֆարյանը»,- հպարտությամբ ասում է Պետյա Կույումչյանը:
Շենքի մի մասը (աջ) ամբողջովին քանդվել է: Երբ ներս եք մտնում շենք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն լքված ցախանոց է: Այս զգացոզությունը մնում է մինչ աստիճաններով վերև բարձրանալը և համերգային դահլիճում նստարանները տեսնելը: Սակայն դահլիճի պատուհանները առանց ապակու են, նրանք փակված են ցելոֆաններով: Նստարանները կեղտոտ են և հին, պատերը աղոտ: Առաստաղը կախված է և հազիվ է պահում իրեն՝ քանդման մշտական վտանգով: Վարագույրը հին է և պատռված:
Բարալեթ գյուղի Մշակույթի տանը գործում են երկու պարային խմբեր, մեկում պարում են փոքր երեխաները, իսկ մյուսում՝ դեռահասները, ընդամենը 44 երեխա: Մինչ նախորդ տարվա դեկտեմբեր նրանք փորձերն արել և պարապել են այս շենքում: Սակայն, ըստ Մշակույթի տան տնօրենի, հունվարին երեխաները հանգստացել են, իսկ փետրվարից նորից սկսել պարապումունքները արդեն նախկին գյուղապետարանի շենքի առաջին հարկում, որի երկրորդ հարկում գտնվում է մանկապարտեզը:
Լուսինե Ամիրշատյանը Մշակույթի տան պարային խմբի անդամ է: Լուսինեն 17 տարեկան է: Նա պարային խմբերի բացման օրվանից սկսել է հաճախել այնտեղ: Խումբը գործում է 2007թ.-ից:
«Պարի դասերը անցկացնում էինք Մշակույթի տան շենքում, բայց շենքը քանդված է: Երկու անգամ փորձերի ժամանակ առաստաղից մեզ վրա հող է թափվել: Մենք վախենում ենք, որ կարող է առաստաղը ընկնել մեր վրա: Այժմ պայմանները, որտեղ պարապում ենք մի քիչ ավելի լավ է, քան այնտեղ»,- ասում է Լուսինե Ամիրշատյանը:
Նվարդ Արզումանյանը վախենում էր, որ ծնողները շենքի պատճառով կարգելեն հաճախել պարի դասերի:
«Ծնողներս միշտ զայրանում էին ինձ վրա, որ ես գնում եմ պարապմունքի այս քանդված շենքում: Բայց ես շատ եմ սիրում պարել: Լավ է, որ Ջավախքում զարգանում է պարի մշակույթը»,- ասաց պարային խմբի մեկ այլ անդամ Նվարդ Արզումանյանը:
Անցյալ տարի «Ջավախքյան Գարուն» փառատոնի ընտրական փուլը անցկացվել է Բարալեթի Մշակույթի տանը:
«Ես բոլորին արդեն ասել եմ մեր շենքի վթարային վիճակի մասին: 10 տարի առաջ ես պաշտոնապես դիմել եմ Խորհրդարան, բայց ոչ մի պատասխան: Աշնանը ցույց եմ տվել շենքը մեր պատգամավորին, խնդրել եմ օգնություն: Նա խոստացավ զբաղվել այս հարցով, օգնել և Խորհրդարանում բարձրացնել այս հարցը: Ես Ցուլուկիանիին նույնպես ցույց եմ տվել այս ամենը: Ասում են, որ պետությունը պետք է վերանորոգի»,- ասում է Պետյա Կույումչյանը:
Մենք իմացանք, որ Ախալքալաքի շրջանի Շրջանային ժողովի 2017թ.-ի բյուջեում Բարալեթ գյուղի Մշակույթի տան վերանորոգում չի նախատեսվում, բայց եթե էկոնոմիկայի վարչությունը դիմում ներկայացնի անհրաժեշտ վերանորոգման մասին, ապա վերականգնումը չի բացառվում նաև այս տարի:
Չնայած այս պայմաններին, պարի խումբը զբաղվում է և ներգրավված է տարբեր փառատոների` Վրաստանում և Հայաստանում:
Շուշան Շիրինյան