Արդեն Մեծ պահքի երրորդ շաբաթն է մինչ գլխավոր քրիստոնեական տոնը` Զատիկը: Ինչպես և ինչու են պահք պահում Ուղղափառ եկեղեցու հավատացյալները:

Պահքի ավանդույթը գալիս է Հիսուս Քրիստոսից, ով մինչ քարոզելը միշտ պահք է պահել: Ըստ Հին Կտակարանի պահք են պահել նաև մարգարեները:

Ուղղափառները ամբողջ տարվա ընթացքում չորս անգամ են պահք պահում: Ինչպես նաև պահք են մշտապես պահել յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ:

Պահքը կոչվում է «Մեծ» ոչ միայն այն պատճառով, որ տևում է յոթ շաբաթ, այլև այն պատճառով, որ հավատացյալները պահքի վերջում տոնելու են մեծագույն քրիստոնեական տոնը` Քրիստոսի Հարությունը:

Պահքի ժամանակ մարդիկ պետք է շատ աղոթեն և ապաշխարեն: Ուղղափառները Մեծ պահքի առաջին և վերջին շաբաթվա ընթացքում, բացի շաբաթ և կիրակի օրերից, ամեն ինչ ուտում են առանց յուղի, նույնիսկ առանց բուսական յուղի: Իսկ մնացած ժամանակ, առանց յուղի անհրաժեշտ է ուտել չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Միայն չորեքշաբթի օրը, պահքի մեջտեղում, թույլատրվում է օգտագործել մի քիչ բուսական յուղ: Մեծ պահքի վերջին շաբաթվա շաբաթ օրը նույնպես սնունդը պետք է լինի առանց բուսական յուղի: Իսկ վերջին ուրբաթը, եթե մարդը կարող է, ապա, ամբողջ օրը անհրաժեշտ է հրաժարվել ուտելուց, որովհետև այդ օրը Հիսուս Քրիստոսը տանջվել է խաչի վրա:

«Պահքը, դա միայն սնունդը չէ: Եվ դա նրա համար չէ, որ մարդը պարզապես չուտի, այլ որպեսզի նա սովորի ձեռնպահ մնալ, ձեռնպահ մնա մեղքից: Դա անհրաժեշտ է իր համար, որպեսզի մարդը դառնա ավելի լավը, ապաշխարի իր մեղքերից: Ամենից կարևորը այն է, որ պահքը չպետք է վերածվի դիետայի: Մենք այդ ժամանակ ավելացնում ենք աղոթքները: Եկեղեցիներում նույնպես, առաջին և վերջին շաբաթվա ընթացում լրացուցիչ աղոթքներ են կարդում: Իսկ վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամբողջ օրը եկեղեցում ենք և պատրաստվում ենք ամենամեծ տոնին», – ասում է ավագ հայր Ալեքսեյը:

Եթե մարդը խախտում է պահքը դա մեղք է: Նա պետք է ապաշխարի: Իսկ եթե առողջական պատճառներով մարդը չի կարող առանց որևէ սննդամթերքի, ըստ հայր Ալեքսեյի, հոգևոր հոր որոշմամբ ու օրհնությամբ կարող է օգտվել այդ սննդից որպես դեղորայք:

Եթե մարդը պահք է պահում, բայց մյուս կողմից վիրավորում է մեկին, ասում ինչ-որ վատ բան դա արդեն մեղք է:

«Մարդը պետք է օգնի մյուսին հատկապես պահքի ժամանակ: Չարին մարդը կհաղթի աղոթքով և պահքով: Պահքը մեզ հարկավոր է մաքրման համար: Աստված, իհարկե ուրախանում է, երբ տեսնում է, որ մարդը ճիշտ է ապրում, բայց դա անհրաժեշտ է մարդուն իրեն», – ասում է ավագ հայր Ալեքսեյը:

Ուղղափառ քրիստոնյաները հավատում են, որ այդ ժամանակ չպետք է մտածել սննդի մասին, ընդհակառակը, անհրաժեշտ է նվազեցնել ուտելը, նույնիսկ կարծում են որ հնարավորության դեպքում պետք է ուտել օրվա մեջ երկու, կամ նույնիսկ՝ մեկ անգամ: Բացառել տոնակատարությունները:

Պահքի ժամանակ ուղղափառները հարսանիք չեն նշում:

«Չի թույլատրվում այս ընթացքում տոնել հարսանիք: Այնպես չէ որ մենք չենք ուզում, այլ այդպես որոշված է կանոնի համաձայն: Գլխավորը սերն է, բայց եթե մեկի համար պարտադիր է գնալ տոնական միջոցառման, ապա նա կարող է գնալ, շնորհավորել, բայց իր հոգում նա պետք է պահի պահքը»:

Սակայն, պահքի ժամանակ Ուղղափառ եկեղեցին մկրտություն անցկացնում է, չնայած այն հանգամանքին, որ մկրտությունը տոն է: Սակայն դա ունի իր բացատրությունը:

«Աստված մի արասցե, որ այդ ժամանակ մարդը հանկարծ մահանա: Նա չմկրտված կմնա: Մկրտությունը երբեք չի կարելի մերժել», – բացատրում է հայր Ալեքսեյը:

Ըստ եկեղեցական կանոնների, եթե անձը պահք է պահում նա չպետք է բոլորին ասի այդ մասին:

«Ընդհակառակը, նա պետք է թաքցնի, միայն Աստված պետք է իմանա այդ մասին: Պահքը՝ մարդու անձնական հարաբերությունն է Աստծո հետ», – ասում է հայր Ալեքսեյը:

Շուշան Շիրինյան