Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում մարտի 11-ի երեկոյան բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են քաղաքացիների և ոստիկանության ուժերի միջև բախումների: Բաթումիի ոստիկանության գլխավոր վարչության հարակից տարածքում մարտի լույս 12-ի գիշրը շարունակվել է բողոքի ակցիան:Վրաստանի Ներքին Գործերի նախարարը մեկնել է Բաթումի տեղում ծանոթանալու իրավիճակին, իսկ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ:

Aliq.ge լրատվականի փոխանցմամբ ցուցարարները փորձել են մուտք գործել ոստիկանության վարչության տարածք, քարեր նետել շենքի ուղղությամբ և շրջել ոստիկանական մեքենաներ: Ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով զենք են կիրառել: Ցուցարարների խոսքերով, նրանք բողոքում են ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների դեմ, ինչպես նաև պահանջել են ուժային կառույցի ղեկավար կազմի հրաժարականը: «Interpressnews.ge» լրատվականի փոխանցմամբ ցույցի պատճառ է հանդիսացել ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից վարորդի տուգանումը:

Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է 5 քաղաքացի: Բախումների ընթացքում մարմնական վնասվածքներ ստացող 28 անձի մասին է հաղորդվում, այդ թվում ոստիկանության 6, իսկ մամուլի որոշ միջոցների փոխանցմամբ 11 աշխատակցի վերաբերյալ: Բժիշկների փոխանցմամբ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կան արցունքաբեր գազից թունավորվողներ: Ավելի ուշ, Աջարիայի ինքնավարության առողջապահության նախարարը հայտարարեց, որ բախումների արդյունքում 33 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որոնցից 15-ը` ոստիկաններ:

Դեպքի կապակցությամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին կոչ է արել քաղաքացիներին և օրինապահ մարմիններին զերծ մնալ բռնություններից: Օմբուդսմենը նշել է, որ խաղաղ ցույց կազմակերպելը քաղաքացիների կարևորագույն իրավունքներից է: Նանուաշվիլին հույս է հայտնել, որ ոստիկանության աշխատակիցները կապահովեն քաղաքացիների անվտագությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին մեկնել է Բաթումի՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրա խոսքերով, արդեն իսկ ազատ են արձակվել 5 ձերբակալված քաղաքացիները, սակայն նրանք ներկայանալու են դատարան: Մղեբրիշվիլին նշել է նաև, որ չի պատրաստվում հանդուրժել որևէ սադրանք և անհրաժեշտության դեպքում տեղում կարող է լրացուցիչ ոստիկանական ուժեր ներգրավել:

Բախումների արդյունքում շուրջ 40 ձերբակալված կա: Այս մասին հայտարարել է` նախորդ գիշեր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Աջարիայի ինքնավարություն մեկնած Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Նախարարի փոխանցմամբ իրավիճակը վերահսկելի է:

Տեղի ունեցածի վերաբերյալ մարտի 12-ի վաղ առավոտյան հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով մասնավորապես ասել է.

«Ամեն ինչ անելու ենք իրավիճակը խաղաղ կերպով կարգավորելու համար: Որոշ քաղաքական ուժեր պետական ինստիտուտների ներկայացուցիչների դեմ վանդալիզմի և բռնության միջոցով փորձում են խաթարել կայունությունը երկրում, սակայն հետագա անցանկալի զարգացումիներից խուսափելու նպատակով հրահանգել ենք իրավապահներին նվազագույն հակազդեցությամբ հանդես գալ»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: