Էլեկտրաէներգիայի նպաստները կամ կառավարական սուբսիդիաները, նախատեսված բարձրլեռնային շրջանների բնակիչների համար, սկսեցին գործել 2017թ.-ի փետրվարից, մեկ ամիս ուշացումով, սակայն Ախալքալաքի շրջանում դեռ ոչ բոլոր բաժանորդներն են օգտվել սուբսիդիաներից:

Կառավարության 2016թ.-ի օգոստոսի 25-ին կայացրած № 418 որոշման համաձայն, 2017 թվականի հունվարից բարձրլեռնային շրջանների բնակիչները, ովքեր ունեն այս կարգավիճակը, պետք է օգտվեն էլեկտրաէներգիայի սուբսիդիաներից (նպաստ): Քանի որ Ախալքալաքը և Նինոծմինդան բարձրլեռնային շրջանների թվում են, ապա այդ շրջանների բնակիչներին նույնպես հասնում է էլեկտրաէներգիայի սուբսիդիաներ: Սակայն 2017 թվականի հունվարին տվյալ սուբսիդավորումը չգործեց:

jnews.ge–ին փորձեց պարզել, թե ինչու սուբսիդիաները չգործեցին: Սակայն այս տարվա հունվարին ոչ ոք չկարողացավ պատասխանել այս հարցին, ոչ այն պատգամավորները, ովքեր ընդունել էին «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին օրենքը», ոչ էլ էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունում, որը այս պրոցեսում հիմնական օղակներից մեկն է:

Ախալքալաքում «Էներգո Պրո Ջորջիայի» գրասենյակում մեզ ասացին, որ իրենք այս առումով ոչ մի ցուցում չեն ստացել: Մեր պաշտոնական տեղեկատվական հարցում նամակին, «Էներգո Պրո Ջորջիա»-ից մենք ստացանք պատասխան, որի բովանդակությունում ասվում է, որ ընկերությունը պատասխանատու չէ նպաստների համար:

2017թ.-ի փետրվարին, Ախալքալաքում և գյուղերում որոշ էլեկտրաէներգիայի բաժանորդներ անդորրագրերը ստացան նպաստներով: Շատերի անդորրագրերը եկան առանց սուբսիդիաների: Կառավարության 2016թ.-ի օգոստոսի 25-ին կայացրած № 418 որոշման համաձայն, սուբսիդավորվում է օգտագործված էլեկտրաէներգիայի 50%-ը, բայց ոչ ավելին քան 100 ԿՎտ\ժ: Այսինքն, մինչ 200 կվտ\ժ օգտագործված էլեկտրաէներգիայից փակվում է 50% ծախսը, իսկ ավելի քան 200 կվտ\ժ օգտագործման դեպքում փակվում է 100 կվտ\ժ ծախսը: Ընդ որում 100 կվտ\ժ-ը սուբսիդավորումը հաշվվում է այն սակագնով, որով հաշվվում է բաժանորդի ընդհանուր սպառումը:

Պարզելու համար, թե ինչու ոչ բոլորն են օգտվում սուբսիդիաներից Jnews.ge-ն դիմեց «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությանը: Ընկերության մամլո ծառայությունում մեզ ասացին, որ փետրվարին բարձրլեռնային շրջանների նպաստներից օգտվել է Սամցխե-Ջավախքի և Շիդա-Քարթլիի 18 505 բաժանորդ: Սակայն օգտվելու են արդյոք այդ արտոնություններից այդ տարածաշրջանների մնացած բաժանորդները, ընկերությունում չկարողացան պատասխանել:

«Սոցիալական ապահովության գործակալությունը մեզ հետ սուբսիդիաների մասին պայմանագիրը կնքել է միայն այս տարվա փետրվարին, և նրանք մեզ ուղարկում են այն բաժանորդների ցուցակները, ովքեր պետք է օգտվեն պետական սուբսիդիաներից: Գործընթացը դեռ շարունակվում է: Մեր ընկերությունը չգիտի, թե որ տարածքն է գտնվում բարձրլեռնային տարածաշրջանում ու ընդհանրապես իրավիճակը ղեկավարվում է №418 կանոնակարգով (կառավարության): Ցուցակները կարգավորվում են սոցիալական գործակալությունում: Ես չեմ կարող ասել Ախալքալաքի բաժանորդների ցանկը կավելանա, թե ոչ: Սոցիալական գործակալությունն ինքն է որոշում, թե ով պետք է ստանան նպաստ ու որքան», – ասաց ընկերության մամլո քարտուղար Թամար Դողրաշվիլին:

Պարզելու համար մնացած խնդիրները, մենք փորձեցինք դիմել Սոցիալական ապահովության գործակալությանը Առողջապահական նախարարության միջոցով, քանի որ կայքի վրա նշված էր նախարարության թեժ գծի համարը: Լսելով մեր հարցերը նախարարության թեժ գծի օպերատորները սկզբից ուղղեցին մեզ Թբիլիսիի քաղաքապետարան, իսկ հետո, երկրորդ անգամ մեզ մեր հարցերի հետ ուղարկեցին Ախալքալաքի Շրջանային վարչություն:

«Դուք պետք է դիմեք Ախալքալաքի շրջանին: Կոմունալ հարցերի համար նրանք են պատասխանատու», – ասացին մեզ հետ հեռախոսազրույցում:

Ախալքալաքի Շրջանային վարչության իրավաբանական բաժնում, որտեղ տալիս են բարձլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ, մեզ ասացին, որ նրանք բոլոր բնակիչներին, ովքեր ստացել են կարգավիճակ ներառել են Արդարադատության նախարարության տվյալների բազայում:

«Հնարավոր է չեկերի վրա անճշտություններ լինեն բաժանորդների մասին, չհամապատասխանեն անձնագրային տվյալները: Կարծում եմ, որ այս բնույթի խնդիրները կարող են պատճառ լինել, որ շատերը չեն օգտվել սուբսիդիաներից: Չնայած նրանք հինգ ամիս ժամանակ ունեին այդ խնդիրները կարգավորելու համար: Տեխնիկական հարցերը կարգավորում է Էներգետիկայի նախարարությունը: Վարչությունը միայն տալիս է կարգավիճակ: Մենք չենք կարող իմանալ, թե ով է նրանցից բաժանորդ, և ով՝ ոչ», – ասում է իրավաբանական բաժնի պետ Խաչատուր Ալեքսանյանը:

Ըստ Խաչատուր Ալեքսանյանի, նրանք ավտոմատ կերպով կարգավիճակ են տվել 22250 բնակչի, իսկ սեփական հայտարարությամբ` 10000 բնակչի:

Ախալքալաքի բնակիչներին, ովքեր չեն օգտվել սուբսիդիաներից, պետք է դիմել էներգաբաշխիչ ընկերություն, պարզել պատճառները, թե ինչու նրանք չեն ներառված սուբսիդիաներում:

Շուշան Շիրինյան