Մեզանում մարտի 8-ին սպասում են բոլորը` թե տղամարդիկ, թե կանայք: Նրանց սպասումների պատճառները տարբեր են: Սակայն շատերը չգիտեն, թե ինչ ծագում ունի այն:
Ախալքալաքում մարտի 8-ին տոնական տրամադրություն է իշխում: Ամենուր ծաղիկների, նվերների ու շնորհավորանքների տարափ է: Կանայք սրտի թրթիռով են սպասում տոնին, տեսնես ո՞վ է շնորհավորելու իրենց և ի՞նչ նվերներ են ստանալու: Այս միտքը տանջում է գրեթե բոլոր կանանց: Իսկ տղամարդիկ հայտնվում են այսպես ասած անելանելի դրության մեջ: Նրանք չեն կողմնորոշվում, ինչ նվիրեն կանանց, որ և էժան լինի, և դուրեկան:
Մարտի 8-ը առավել սպասելի տոն է երիտասարդների համար: Իսկը ժամանակն է շնորհավորելու և օրիգինալ նվեր մատուցելու սիրելիին:
Ջավախքում հետաքրքիր են նշում հատկապես նորապսակ ունեցողները: Մարտին 8-ին հարսը գնում է հայրական տուն: Նորափեսան, սկեսուրը, բարեկամներն ու ընկերները, բոլորը նվերներով ու ծաղիկներով գնում են շնորհավորելու հարսին: Հարսի հայրական տանը հատուկ հյուրերի պատվին սեղան է բացվում:
Մեզանում ընդունված է նաև դպրոցներում նշել: Տղանները դասարանի աղջիկների համար նվերներ և ծաղիկներ են նվիրում:
Նշենք, որ դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու: Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:
Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911թ. Մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարգավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարություն ձեւավորելու հնարավորություն ստացան: 1910 թ-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության, նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ.-ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: 1977թ.-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո մարտի 8-ը հանվեց և Հայաստանի և Վրաստանի պետական տոնացույցերից և, որպես այլընտրանք Հայաստանում ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, իսկ Վրաստանում մարտի 3-ը՝ որպես մայրերի օր: Սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց:
Եվրոպական մի շարք երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված:
Սիրելի կանայք ու աղջիկներ շնորհավորում ենք գարնանային այս տոնի կապակցությամբ: Կանացի անանց երջանկություն, սեր ու առողջություն: Թող, որ Ձեր սրտում ու հոգում թևածի բարին ու գեղեցիկը: Շնորհավոր…