Մարտի 2-ին տեղի ունեցավ «Փամփուշտ» ֆիլմի առաջին մասի անդրանիկ ցուցադրությունը Նինոծմինդայի Երիտասարդական պալատում, ֆիլմի երկրորդ մասը դեռ նկարահանվելու է:
«Փամփուշտ» ֆիլմի ռեժիսորներն են՝ Գարի Բդոյանն ու Վահե Իրիցյանը, իսկ դերասանական կազմը հենց երիտասարդությունն է: Ներկա դրությամբ նկարահանված է 35 րոպե տևողությամբ ֆիլմի առաջին մասը:
Լեփ-լեցուն դահլիճը ինքնին խոսում է այն մասին, որ կինոյի հանդեպ հետաքրքրությունը մեծ է երիտասարդության կողմից:
«Փամփուշտը» կրիմինալ դետեկտիվ ֆիլմ է, որը ցուցադրելով հանցավոր աշխարհի բացասական կողմերը նպատակ ունի երիտասարդությանը հետ պահել նման ուղուց: Քանզի երիտասարդությունը զբաղմունք չունենալու պատճառով շատ հաճախ տարվում է նման արարքներով: Այսօր հենց Նինոծմինդայի երիտասարդներն են կինոյի լեզվով խոսում ու բարձրաձայնում նույն երիտասարդության խնդիրների մասին:
Մշակութային գործիչ Ժորա Սնխչյանի կարծիքով նման ֆիլմի գոյությունը Նինոծմինդայում արդեն իսկ շրջադարձային նշանակություն ունի:
«Այս ֆիլմի ասելիքը շատ արդիական է մեր օրերում, որովհետև նարկոմանիան, մանուկ հասակից ծխելը, հասարակական վայրերում խմելու, հակահասարակական արարքներով տարվելու տենդենցը միշտ էլ կա, բայց դրա դեմ պայքարի ուղիների մշակման համար պետք է նման ազդեցիկ միջոցներ ևս օգտագործել: Կինոն այդ արտահայտչամիջոցներից մեկն է: Առաջին մասում դեռ ինտրիգան է, հաջորդ մասում կգերակշռի դաստիարակչական մասը: Եվ ամեն մի երիտասարդ, նայելով կինոն, կզգա, կտեսնի, որ այս բոլորը չարիք է»,- ասաց «Փամփուշտ» ֆիլմի դերասան Ժորա Սնխչյանը:
Միևնույն ժամանակ ավելացնելով, որ մարտի 2-ը կարելի է պատմական օր համարել ամբողջ Ջավախքի համար:
«Բարձրարվեստի մասին դեռ վաղ է ասել, բայց, որ Ջավախքում ծիլեր կան, դա հայտնի է: Այս փոքրիկ ֆիլմը, որի մեջ կերպարային խաղը շատ քիչ է, մեկ կամերայով, առանց ձայնային, հնչյունային օպերատորների, ռեժիսորների, միայն էնտուզիազմի վրա, տառապանքով նկարահանված սիրողական մակարդակի ֆիլմ է: Իսկ դա խոսում է այն մասին, որ այս աշխատանքն այլևս չի ընդհատվի, սա սկիզբն է: Եվ ես սա համարում եմ Ջավախքում կինոյի ստեղծման, հիմնադրման օր, սա շատ կարևոր է մեր արվեստի համար, որովհետև ամեն արվեստի ճյուղ ամեն ինչ մենք ունեցել ենք»,- տեսակետ հայտնեց հայտնի մշակութային գործիչ Ժորա Սնխչյանը:
«Փամփուշտ» ֆիլմը նկարահանվել է անվարձահատույց նվիրյալ երիտասարդության կողմից: Նկարահանումներին մասնակցել են մոտավոր 40 մարդ: Ֆիլմի ռեժիսոր Վահե Իրիցյանի խոսքերով շարունակությանը հանդիսատեսը կարող է սպասել 4 ամիս անց: Իսկ երկրորդ մասը կնկարահանվի ինչպես Նինոծմինդայում, այնպես էլ Թբիլիսիում և Բաթումիում:
«Ֆիլմի նպատակն է, ցույց տալ թե ինչ ավարտ են ունենում հանցավոր խմբերը, թե իրենք ինչ դժվար ու բարդ կյանք են ապրում: Սա երիտասարդության կողմից կինոյի միջոցով հենց երիտասարդությանն է ուղղված, որպեսզի տեսնեն ու դաստիարակվեն: Ֆիլմը դեռ անավարտ է, հիմնական գործողությունները տեղի կունենան մյուս մասում», – նշեց ֆիլմի ռեժիսոր Վահե Իրիցյանը:
«Փամփուշտ»-ի դերակատարները հիմնականում տղամարդիկ էն: Ըստ ռեժիսորի, դա իր բացատրությունն ունի: Ֆիլմի երկրորդ մասում կանայք ևս կլինեն, առաջին մասում միայն երկու կին կան կարճ դրվագներում:
«Ճիշտն ասած մենք պարզապես սիրողական մակարդակի 1-2 րոպեանոց սյուժեներ էինք նկարում: Եվ նախօրոք սցենարի մեջ կանանց համար դեր չկար, մտածելով որ կանայք չեն ուզենա խաղալ, սակայն ֆիլմի 4 րոպեանոց տարբերակի ցուցադրությունից հետո շատերը նկարահանվելու ցանկություն հայտնեցին», – ասաց Վահե Իրիցյանը:
Մուտքը տոմսերով էր, որի արժեքը 3 լարի էր: Իսկ դահլիճը լեփ-լեցուն ամենատարբեր տարիքի ու մտածելակերպի տեր հանդիսատեսով:
Աղունիկ Այվազյան