Մարտի 1-ին գյուղի ծիսական տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ շմոլ գազից թունավորվել են Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածղուրի գյուղի բնակիչները։ Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ, նրանք բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Երեկ՝ մարտի 1-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ՝ բոլորը Տաբածղուրիի բնակիչներ։ Բոլորի մոտ նկատվել է թունավորում: Հիվանդների վիճակը կայուն է եղել: Համապատասխան բուժօգնության արդյունքում նույն օրը 8 հոգին դուրս է գրվել։ Մեկ հիվանդ, ով ավելի երկար հսկողության և բուժօգնության կարիք ուներ, դուրս է գրվել այսօր՝ մարտի 2-ին։

Թունավորման դեպքը տեղի է ունեցել Տաբածղուրի գյուղի ծիսական տանը։ Այնտեղ բնակիչները հավաքվել էին մատաղի: Տարածքում միացված են եղել գազի տաքացուցիչները։ Հավանաբար, քամու պատճառով կրակը մարել է, և մինչ բնակիչները հասկացել են, որ կրակը մարել է, և գազը լցվել է սրահում, շատերն արդեն հասցրել են թունավորվել։ Որոշ բնակիչներ առաջին բուժօգնություն են ստացել գյուղի բուժքրոջ կողմից, իսկ 9 հոգի տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։ Այսօրվա դրությամբ, Jnews-ի Տաբածղուրիից ստացած տեղեկությունների համաձայն, բոլոր տուժածների վիճակը նորմալ է։

Դեպքի վայրում ոստիկանները կապարակնիքել են գազի այրիչները։ Jnews-ը կփորձի պարզել և իր ընթերցողներին տեղեկացնել, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են իրականացնելու ՆԳՆ աշխատակիցները և ինչ արձագանք կլինի նրանց կողմից։