Վրաստանի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձանց, փախստականների և նրանց վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին Երևանում բանակցություններ կանցկացնի Աբխազիայի դե-ֆակտո կառավարության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվի Աբխազիայի պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց հարցը:

Սոզար Սուբարին և նրա տեղակալ Գոգի Փացացիան վաղը կմեկնեն Երևան: Երկօրյա այցի նպատակն է Աբխազիայի պատերազմի ընթացքում անհայտ կորածների որոնման և վերաթաղման քննարկումը:

Ինչպես հայտարարել է Սուբարին այսօր կայացած ճեպազրույցում, վաղվա հանդիպումը կանցկացնի Գոգի Փացացիան, իսկ մյուս օրը կմիանան պատվիրակության ղեկավարները: Սոզար Սուբարին կհանդիպի Աբխազիայի դե-ֆակտո կառավարության առաջին փոխվարչապետ Բեսլան Էշբայի հետ:

«Աբխազիայի պատերազմի ժամանակ անհայտ կորածների փնտրման, ճանաչման և վերաթաղման ծրագրի շրջանակներում սա տասներորդ հանդիպումն է: Ծրագիրը հաջող է ընթանում: Իդենտիֆիկացվել են 63 անհետ կորած անձինք: Էքսգումացվել է մոտ 100 մարմին: Նրանք հանձնվել են փորձաքննության: Հուսով եմ, որ մոտ ապագայում, նրանց ինքնությունը կհաստատվի: Ընդհանուր առմամբ, աբխազական կողմը այս հարցի շուրջ լավ է համագործակցում մեզ հետ: Երկու կողմերն էլ գիտակցում են, որ այդ հարցում քաղաքականությունը պետք է հնարավորինս մի կողմ դնել ու ուշադրություն դարձնել հումանիտար տեսակետին, այդ գործընթացում խոչընդոտներ չստեղծելու համար», – հայտարարել է Սոզար Սուբարին:

Սոզար Սուբարին շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչին, որի հովանու ներքո ընթանում են բանակցությունները կողմերի միջև:

Նյութի սկզբնաղբյուր`
Interpressnews