Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը միջոցներ է հատկացրել 5 ճանապարհաշինական ծրագրերի համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովի նիստում՝ հունվարի 29-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը պատգամավորներին տեղեկացրել է, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հաստատել է ենթակառուցվածքային աշխատանքների համար 6 747 204 լարիի գումար։ Քաղաքապետարանը Վրաստանի կառավարությունից ստացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ի որոշումը։ Ըստ տեղեկությունների՝ ֆինանսավորվելու են հետևյալ ճանապարհաշինական աշխատանքները.

Բուռնաշեթ և Ազավրեթ գյուղերի միջև ճանապարհի վերականգնում՝ ծրագրի ընդհանուր արժեքը 1 876 721 լարի է, որից Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հոգում է 1 782 884 լարին, իսկ տեղական բյուջեից ֆինանսավորվում է միայն 93 837 լարի։

Կաջո և Ագանա գյուղերի միջև ճանապարհի վերականգնում՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 083 986 լարի, որից 1 029 786 լարին տրամադրվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 54 200 լարին ֆինանսավորվում է տեղական բյուջեից։

Մաջադիա-Թոթխամ-Կորխ ճանապարհի վերականգնում՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 996 585 լարի, Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հոգում է 1 896 755 լարին, իսկ տեղական բյուջեն՝ 99 830 լարի:

Գոգաշեն-Ափնիա ճանապարհի վերականգնում՝ ծրագրի արժեքը կազմում է 944 073 լարի, որից Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հոգում է 896 869 լարին, իսկ 47 204 լարին հատկացվել է տեղական բյուջեից։

Ղադոլար գյուղի ներքին ճանապարհների վերականգնումը կարժենա 845 839 լարի, որից Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը կհատկացնի 803 547 լարին, իսկ տեղական բյուջեն՝ 42 292 լարի։

Ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 6 747 204 լարի, որից Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հոգում է 6 409 841 լարին, իսկ Ախալքալաքի մունիցիպալ բյուջեից հատկացվել է ընդամենը 337 363 լարի։

Նշենք, որ այդ աշխատանքների համար մրցույթներ արդեն հայտարարվել են, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը միայն լրացուցիչ միջոցներ է հատկացրել։

«Քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչությունն ուղարկում է ենթակառուցվածքային աշխատանքների ցանկը, ենթակառուցվածքների նախարարությունը հաստատում է այդ նախագծերը, որից հետո ուղարկում է կառավարություն, իրենք էլ իրենց հերթին որոշում են նախագծերի վերաբերյալ, որից հետո որոշում է ուղարկվում մեզ։ Դեկտեմբերի 31-ին ուղարկվել է այս որոշումը, ըստ որի մեզ հատկացվել է 6 409 841 լարի։ Այս գումարի համար մենք արդեն իրավունք ունենք մրցույթ հայտարարելու»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Կարեն Մերգելյանը։