Հունվարի 15-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը։ Մթերքների գնման մրցույթները կայացել են։ Երեխաներին մանկապարտեզներ տեղափոխելու մրցույթն ավարտվում է այսօր՝ հունվարի 17-ին։ Այսօրվա դրությամբ, գործում է 14 մանկապարտեզ, որից 12-ը սննդով ապահովում են, իսկ 2-ը՝ այլընտրանքային են (կես օրն են աշխատում, բայց առանց սննդի)։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, երեխաների սննդով ապահովելու հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծված են։ Տարբեր պարենային ապրանքների ձեռքբերման համար հայտարարվել է յոթ տարբեր մրցույթ։ Պարենային ապրանքներ գնելու համար տեղական բյուջեից հատկացվել է 639094 լարի։ Մթերքներ մատակարարող ընկերություններն ընտրվում են մրցույթով։ Այս տարի մթերքների գնման 7 մրցույթից 6-ը շահել է «Կումի» ընկերությունը, միայն մեկ՝ հացահատիկի, ձավարեղենի և բանջարեղենի գնման մրցույթը, շահել է անհատ ձեռներեց Թինաթին Գորգոձեն։
2022 թվականից «Կումի» ընկերությունը մասնակցում է Մանկապարտեզների միավորման սննդամթերքի գնման մրցույթներին, ու շահում է կամ լրիվ մրցույթները, կամ՝ դրանց մեծ մասը։ 2019 թվականից մինչև 2025 թվականը տեղական ընկերություններն ու ձեռներեցները Ախալքալաքի մանկապարտեզների սննդամթերքի գնման մրցույթներին չեն մասնակցել։
Մթերքները ձեռք է բերվելու 12 գյուղական մանկապարտեզների և Ախալքալաքի նոր մանկապարտեզի համար, որը կբացվի 2025 թվականին, քաղաքի հարավային մասում՝ թիվ 5 հանրային (նախկին գիշերօթիկ) դպրոց հարևանությամբ։
Անահիտ Ասատուրյանի խոսքով, նոր մանկապարտեզը կբացվի այս տարվա գարնանը, և իրենք մտադիր են այնտեղ ընդունել մոտ 100 երեխայի։
Մունիցիպալիտետը պարտավոր է երեխաներին ապահովել նախադպրոցական կրթությամբ, հետևաբար գյուղերի երեխաների համար, որտեղ մանկապարտեզներ չկան, տրանսպորտավորումն իրականացվում է տեղական բյուջեի հաշվին։
Մունիցիպալիտետը, 370 երեխայի, շրջանի այն գյուղերից որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ, այդ թվում՝ Ախալքալաքի երեք մանկապարտեզից, որոնք այժմ վերանորոգման փուլում են, գյուղական տարբեր մանկապարտեզներ, տեղափոխելու համար հայտարարել է մրցույթ։ Դիմումների վերջնաժամկետն այսօր է՝ հունվարի 17-ը։ Տեղական բյուջեից հատկացվել է 429 587 լարի։
2023-2024 թվականներին երեխաներին այլ մանկապարտեզներ տեղափոխելու մրցույթը շահել է անհատ ձեռներեց Գրիգորի Ծուրծումիան։