Այսօր` հունվարի 15-ին, Վրաստանում ժամը 15:00-ից սկսած գործատուներն ու աշխատողները կսկսեն համընդհանուր նախազգուշական գործադուլ։ Ինչպես նշում են կազմակերպիչները, բողոքի ակցիայի նպատակն է հանրությանը ցույց տալ, թե ինչ է սպասվում Վրաստանին մեկուսացված պայմաններում։ Գործադուլը կտևի 3 ժամ։

Գործադուլի հիմնական պահանջներն են նոր ընտրություններ և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։

Գործադուլին են միացել ավելի քան 500 կազմակերպություն տարբեր ոլորտներից, ներառյալ հյուրանոցներ, խանութներ, բիզնես կենտրոններ, լրատվականներ, էսթետիկ կենտրոններ, դեղատներ և այլն:

Երեկ Վրաստանում գործող երկու խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն ու TBC-ն չեն միացել գործադուլին, բայց հայտարարություն են տարածել: Ֆինանսական կառույցները գրում են, որ իրենք միշտ պաշտպանել են և պաշտպանելու են իրենց աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ Ըստ այդմ՝ գործադուլին մասնակցելու հնարավորություն կունենան այն աշխատակիցները, ովքեր դա կցանկանան։

Կազմակերպիչները տարածել են հետևյալ պլանը․

«Ժամը 15:00-ին փակում ենք դուռը և կանգնում գրասենյակից դուրս:

Դրոշներով և/կամ պաստառներով. (Ազատություն բանտարկյալներին. Պահանջում ենք նոր ընտրություններ)

Ձայնագրում ենք ուղիղ եթեր/լուսանկար, հրապարակում #იფიცებისაქართველო հեշթեգով

Ովքեր գրասենյակ չունեն, գնում են հանրապետության հրապարակ

Գործադուլի ավարտից հետո կհավաքվենք խորհրդարանի դիմաց»։

Jnews միանում է ակցիային և պահանջում՝ արդարություն, արդարադատություն, ոչ բռնությանը։