2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 14-ը Ախալքալաքի 3 բնակիչ ենթարկվել է թափառող շների հարձակման: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով՝ 2024 թվականի ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների վրա կենդանիների կծոցներով 127 հարձակում է գրանցվել։ Դրանցից մեկ հարձակումը եղել է առնետի, իսկ մյուսը՝ կատվի կողմից, մնացած հարձակումներն ու կծոցները գրանցվել են թափառող շների կողմից։ 2023 թվականին գրանցվել էր կենդանիների 148 հարձակում։
Հարկ է նշել, որ այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը 26000 լարի է հատկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքից թափառող շների ստերջացման և տեղափոխման ծառայությունների համար, այս նպատակով բյուջեից նույնքան գումար էր հատկացվել անցյալ և նախանցյալ տարիներին։
Միակ բանը, որ կարելի է անել վրացական օրենսդրության շրջանակներում՝ մարդկանց թափառող շներից պաշտպանելու և իրենց՝ իրենց իսկ ցեղակիցների ատամներից պաշտպանելու համար, նրանց բռնելն է, ստերջացումը, ամորձատումը, պատվաստումը, նույնականացումը և նրանց բնակավայր վերադարձնելը։ Ամեն տարի մունիցիպալ իշխանություններն Ախալքալաքի բյուջեից այդ ծառայությունների համար հատկացնում են մոտ 25-26 հազ. լարի, սակայն իրավիճակը չի բարելավվում։
Մի քանի տարի է, ինչ տեղական և շրջանային իշխանությունները մտածում և խոստանում են լուծել այս խնդիրը, և որպես իրավիճակից ելք դիտարկվել են անօթևան շների կացարանները, սակայն այս ընթացքում ոչինչ չի արվել։ Քաղցած, հաշմանդամ շները ոհմակներով շրջում են ոչ միայն մունիցիպալիտետով մեկ, այլև՝ ամբողջ երկրով՝ անելանելիությունից հարձակվելով մարդկանց վրա: