Ախալքալաքը խոշոր գյուղատնտեսական մունիցիպալիտետի կենտրոն է, սակայն չկա խանութ, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլիներ գնել տեղական գյուղմթերք: Կաթը, պանիրը և ձուն վաճառվում են քաղաքի կենտրոնում՝ շուկայից ոչ հեռու, մայթերին, բայց ոչ ամեն օր։ Շատ բնակիչներ մթերքներ գնում են «բաժանորդագրման» միջոցով նույն վաճառողից, հաճախ՝ տուն առաքմամբ, սակայն ոչ բոլորն ունեն նման ծանոթ վաճառողներ։
Եթե ախալքալաքցուն կաթ, տեղական հավի ձու, պանիր կամ այլ մթերք է պետք, նա նախօրոք պիտի մտածի այդ մասին և գտնի մարդկանց, ովքեր կվաճառեն իրեն։ Որոշ խանութներ կարող է ունենան տեղական արտադրանք, սակայն դա ոչ միշտ է լինում: Ախալքալաքցիները գիտեն նաև, թե երբ են տեղի վաճառողները տեղական մթերքը վաճառում կենտրոնական փողոցի մայթերին:
Մի քանի տարի առաջ, երբ փողոցային առևտուրն արգելվեց, և քաղաքի ագրարային շուկայի տարածքում գյուղմթերքների խանութը վերանորոգվեց, այն տրամադրվեց վաճառողներին, բայց նրանք այնտեղ երկար չդիմացան։ Այդ ժամանակ նրանք ասացին, որ շենքում շատ ցուրտ է, ինչպես նաև հաճախորդները ներս չեն մտնում խանութ։ Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ագրարային շուկայի տարածքում և փողոցներում։
Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանն ասում է, որ հոգնել է այդ մասին մեկնաբանություններ տալուց, մարդիկ չեն ցանկանում վաճառել շուկայի տարածքում գտնվող խանութում, իսկ շուկայում՝ խանութի կողքին վաճառում են, կաթնամթերքի և գյուղատնտեսական այլ մթերքների մեկ կամ երկու վաճառող։
Այս խանութի կառուցման վրա, որը դատարկ է, ծախսվել է 38000 լարի։
«Չգիտեմ ինչու է այն դատարկ, այս հարցը ինձ չէ որ պիտի տաք: Շուկայում կաթնամթերք վաճառվում է, բայց վաճառողները քիչ են՝ մի հոգի, ու իհարկե նա չի ուզենա խանութում միակ վաճառողը լինել»,- ասում է Արարատ Սահարյանը։
Կումուրդո գյուղի բնակիչը, ում մենք հանդիպեցինք շուկայում, նույնպես նշում է, որ մեկ վաճառողով խանութը երկար չի դիմանա:
«Մեկ հոգին, իհարկե, խանութ չի մտնի, եթե նրանք շատ լինեն, եթե բոլորին արգելեն փողոցում վաճառել ու պարտադրեն խանութում վաճառել, իհարկե, բոլորը կպահպանեն օրենքը, բայց եթե ինչ-որ մեկը կրկին վաճառի փողոցում, հաճախորդները խանութ չեն մտնի»,- ասում է Կումուրդո գյուղի բնակիչ Մարկոս Սահարյանը։
Սակայն, և շուկայում, և փողոցներում գյուղմթերքների առևտուրը սիստեմատիկ չէ, առևտրականներն ամեն օր չեն գալիս, և երբեմն երկու շաբաթ շարունակ ոչինչ չի վաճառվում, իսկ ձմռան ամիսներին՝ տեղական կաթը, ձուն, պանիրը ընդհանրապես հասանելի չէ շուկայում:
Ամանորյա տոներից հետո, կաթնամթերք վաճառողները, դեռ դուրս չեն եկել շուկայի տարածք կամ հարակից փողոցներ։
Ախալքալաքի բնակիչ Նինո Ինասարիձեն իր ծանոթներին է խնդրում, որ իրեն կաթ, պանիր, բանջարեղեն բերեն, սակայն նա կարծում է, որ Ախալքալաքում գյուղամթերքի խանութ ունենալն անհրաժեշտ է։
«Իհարկե, կարիք չէր լինի խնդրել, եթե այս ամենը վաճառվեր մեկ խանութում», – ասում է Նինո Ինասարիձեն:
Բոլորը չէ, որ գյուղերում բարեկամներ ու ծանոթներ ունեն, որ կարողանան կաթնամթերք ու գյուղմթերք գնել։
Բնակչուհի Կարապետյանը կաթը գնում է մի կնոջից, ով կաթը շաբաթը երկու անգամ է բերում: Նա շուկայից կամ փողոցային վաճառողներից պանիր, ձու, կարագ և այլ մթերք է գնում։ Նրա խոսքով, Ախալքալաքում գյուղատնտեսական խանութի բացակայությունը բնակիչներին սոված չի թողնում, քանի որ այլընտրանք կա, բայց դրա առկայությունը կհեշտացնի կյանքը։
«Իհարկե, լավ կլիներ քաղաքում ունենալ այսպիսի խանութ, որն ամեն օր կաշխատեր և միշտ վաճառքում կունենար մեր տեղական արտադրանքն ու բանջարեղենը, հատկապես ձմռանը՝ կաթն ու կաթնամթերքը քիչ է լինում, վաճառողները թանկացնում են, չեն բերում»,- ասում է Կարապետյանը։
Նույն իրավիճակն է տիրում տեղական բանջարեղենի գնման հետ կապված։ Ախալքալաքի շուկայում տեղական բանջարեղենի գինը երբեմն հասնում է մեծ քաղաքների գներին, չնայած այն հանգամանքին, որ այդ բանջարեղենը մունիցիպալիտետում են աճում և այստեղ պետք է ավելի էժան լինի։