Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի ոչ կառավարական կազմակերպությունների հարթակը ակտիվորեն քննարկում է Ջավախքում զբաղվածության իրավիճակը բարելավելու նպատակով, կրթական համակարգում փոփոխությունների հարցը։ Քարոզարշավն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS EPER Georgia կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այս նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել վեց հանդիպում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդների հետ, որոնց ընթացքում վեր են հանվել կրթության, զբաղվածության, գյուղատնտեսության և տնտեսության ոլորտների հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։

Այս հանդիպումների արդյունքներից է կրթական համակարգի բարելավմանն ուղղված առաջարկությունների ձևավորումը։ Հիմնական շեշտը դրվել է կրթական ոլորտի խորը և համակողմանի ուսումնասիրության անհրաժեշտության վրա։ Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն և մանկավարժ Շորենա Թեթվաձեն նշել է, որ փոփոխությունների հաջողության համար կարևոր է գնահատել դպրոցների ներկա վիճակը, ենթակառուցվածքները և կրթության որակը, ինչպես նաև բացահայտել աշխատաշուկայի պահանջարկը։

«1+4 ծրագրով սովորելուց հետո վերադառնում են ու չեն աշխատում, աշխատանք չեն կարողանում գտնել, ինչու, ես հասկանում եմ, որ աշխատատեղերը քիչ են, բայց ինչ որ բան պետք է անել, աշխատաշուկան ուսումնասիրել, հարկավոր է պատրաստել որակյալ մասնագետներ: Ինչու են մարդիկ ավարտում բուհը և մնում առանց աշխատանքի: Ինչն է խնդիրը, պետք են հետազոտություններ, առանց դրա մենք չենք կարող գտնել լավ մասնագետներ»,- ասում է Շորենա Թեթվաձեն:

Առանցքային առաջարկությունները ներառում են.

• Դպրոցների վիճակի հետազոտություն.

• Վրաց լեզվի քննության գնահատականի ազդեցությունն ուսանողների գիտելիքների մակարդակի վրա.

• Որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն.

• Մասնագիտական կրթության հանրայնացում և շուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի ստեղծում։

Թեթվաձեն ասում է, որ համակարգային խնդիրներ կան կրթության բոլոր փուլերում՝ նախադպրոցական, դպրոցական, մասնագիտական և բարձրագույն։

«Մեր մունիցիպալիտետում միայն մի քանի դպրոցներ ունեն լաբորատորիաներ, եւ ամենակարեւորն է, որ նրանք ունենան համապատասխան նյութեր»։

Բացի այդ, ըստ Թեթվաձեի, երիտասարդների շրջանում գործազրկության խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Դիպլոմ ստացած երիտասարդ մասնագետները հաճախ աշխատանք չեն գտնում, ինչը պայմանավորված է ոչ միայն աշխատատեղերի սակավությամբ, այլև ստացած գիտելիքների և գործատուների պահանջների անհամապատասխանությամբ։

«Դիպլոմը պետք է համապատասխանի գիտելիքներին»,- ընդգծում է կենտրոնի տնօրենը։

Վերջինս կոչ է անում աշխատաշուկայի վերաբերյալ հետազոտություններ կատարել, իրապես պահանջված որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով։

Հաջողակ կրթական քաղաքականություն մշակելու համար անհրաժեշտ է, որ բուհերն ու քոլեջները նախապես իմանան, թե ինչպիսի մասնագետների կարիք ունի մարզը և մշակեն համապատասխան ծրագրեր։ Սա իր հերթին կօգնի երիտասարդներին մոտիվացիա ստանալ բարձր որակավորում ունեցող մասնագետ դառնալու և աշխատանք գտնելու նպատակով։

Գործատուների և աշխատողների միջև փոխգործակցության արդյունավետ հարթակի ստեղծումը կարևոր քայլ է մասնագետների պակասի խնդրի լուծման ուղղությամբ։ Կրթական հաստատությունների և շրջանի տնտեսական կառույցների միջև հաջող համագործակցությունը, կարող է կարևոր քայլ դառնալ աշխատաշուկայի զարգացման և կրթական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

 

ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական  կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։