Ախալքալաքի մունիցիպալիտետի նախադպրոցական հաստատությունները մեկնում են ամանորյա արձակուրդների և իրենց աշխատանքը կվերսկսեն 2025 թվականի հունվարի 15-ից։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 14 մանկապարտեզ գնում են ամանորյա արձակուրդների: Նրանք իրենց աշխատանքը կվերսկսեն 2025 թվականի հունվարի 15-ից։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, մանկավարժական կազմն աշխատանքը կսկսի հունվարի 13-ից։
«Մենք ավելի շուտ կսկսենք, որպեսզի մաքրենք, ջեռուցենք մանկապարտեզները, երեխաներին ընդունելու նպատակով»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս փուլում գործում է 14 մանկապարտեզ, որից 2-ը՝ այլընտրանքային։ Քաղաքի երեք նախադպրոցական հաստատություններ փակ են վերանորոգման նպատակով։ Հաջորդ տարի նոր մանկապարտեզ կբացվի Ախալքալաքում՝ քաղաքի հարավային մասում՝ թիվ 5 հանրային դպրոցի (նախկին գիշերօթիկ) հարևանությամբ։
Անահիտ Ասատուրյանի խոսքով, ինքը հույս ունի, որ նոր մանկապարտեզը մինչև մարտի 1-ը կբացվի: Նրանք մտադիր են այս նոր մանկապարտեզում ընդունել մինչև 100 երեխա։
Նշենք, որ վերանորոգման աշխատանքների պատճառով քաղաքի մանկապարտեզները փակ են, իսկ այդ նախադպրոցական հաստատությունների աշխատող ծնողների երեխաները բաշխված են գյուղական մանկապարտեզներում։