Ախալքալաքի տարբեր գյուղերում Սուրբ ծննդյան տոները տարբեր կերպ են նշում։ Նոր տարին նշելու հետ կապված առանձնահատկությունները պայմանավորված են գյուղում ձևավորված ավանդույթներով։ Որոշ գյուղերում համախմբվում են ամբողջ գյուղացիները, որոշներում բոլոր երիտասարդները, որոշ գյուղերում էլ՝ ավարտական դասարանի աշակերտները։
Գյուղերում առկա ամանորյա ավանդույթները բացահայտելու համար Jnews-ը զրուցել է տարբեր գյուղերի բնակիչների հետ։
Գրիգոր Մանասյանը Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղից է։ Մեզ հետ հարցազրույցում նա պատմեց, թե ինչպես են անցկացնում Ամանորը և Սուրբ Ծնունդը Վարևան գյուղում։
«Մենք Սուրբծննդյան տոները սկսում ենք նշել դեկտեմբերի 25-ից։ Հավաքվում ենք եկեղեցում և մասնակցում Սուրբ պատարագին։ Հետո, դեկտեմբերի 27-28-ին ավարտական դասարանի աշակերտները կազմակերպում են ամանորյա միջոցառում, բոլորով հավաքվում և տոնում ենք, իսկ դեկտեմբերի 31-ին հավաքվում ենք գյուղում, տոնածառի մոտ և տոնում ենք Նոր տարվա գալուստը։ Առավել մեծ շուքով նշում ենք Սուրբ Ծնունդը, ամեն տարի այդ օրն ընտրում են եկեղեցու խաչքավորին, բաժանվում է օրհնված ջուրը, մատաղ ենք անում, և երեկոյան հավաքում գյուղի հանդիսությունների սրահում՝ երգ ու պարով նշելու», – ասում է Գրիգոր Մանասյանը։
Իսկ ահա Մանվել Սահարյանը մեզ պատմեց, թե ինչպես են նշում ամանորը Խանդո գյուղում։
«Մեր գյուղում մեծ շուքով նշում ենք Նոր տարվա գալուստը։ Ամանորյա եռուզեռը գյուղում սկսվել է դեկտեմբերի սկզբից։ Բոլոր կազմակերպչական աշխատանքները, սկսած զարդարանքներից և երեխաների նվերները փաթեթավորելուց, անում ենք համախմբված, բոլոր գյուղացիներով և միահամուռ ուժերով կազմակերպում ենք ամանորյա միջոցառում։ Դեկտեմբերի 31-ին, երեկոյան հավաքվում ենք գյուղի կենտրոնում, հաճախ մեզ միանում են նաև հարևան գյուղերից։ Միջոցառմանը հնչում է կենդանի երաժշտություն, ելույթ են ունենում գյուղի տաղանդավոր երիտասարդները և «Խաչկավանք» պարային համույթը։ Ամանորյա միջոցառումը կազմակերպելու հարցում իրենց մասնակցությունն են ունենում նաև արտերկրում բնակվող մեր համագյուղացիները։ Այս տարի, Սուրբ Ծնունդը ևս նշելու ենք մեծ շուքով, գյուղի հանդիսությունների սրահում։ Ըստ իս, սա ամենաողջունելի բանն է, քանի որ այս տոնի շրջանակներում միախմբվում ենք։ Դեկտեմբերի 31-ին, միջոցառման ժամանակ Ձմեռ պապը և Ձյունանուշը երեխաներին նվերներ են բաժանում»։
Թե ինչպես են Սուլդա գյուղում դիմավորում ու անցկացնում ամանորյա տոները պատմեց Գևորգ Ջանոյանը։
«Մեզ մոտ ամանորյա տոները կազմակերպելուն մասնակցում են բոլոր գյուղացիները, հատկապես երիտասարդները և ավարտական դասարանի աշակերտները։ Համարյա ամեն տարի՝ դեկտեմբերի 30-ին, ավարտական դասարանի աշակերտները կազմակերպում են միջոցառում, որը անցկացվում է գյուղի հանդիսությունների սրահում, իսկ դեկտեմբերի 31-ին ամբողջ գյուղացիներով հավաքվում ու երգ ու պարով տոնում ենք տարեմուտը։ Իսկ Ձմեռ պապը Ձյունանուշի հետ բաժանում է փոքրերի նվերները։ Գյուղի միջոցառման ծախսերը հոգում ենք մենք՝ գյուղացիներս»։
Իրենց գյուղի ամանորը նշելու սովորույթով մեզ հետ կիսվեց Փոքր Սամսար գյուղի բնակիչ Վարդուհի Կուրղինյանը։
«Ամեն տարի ամանորյա միջոցառում էին կազմակերպում ու գյուղի հանդիսությունների սրահում անցկացնում էին այդ միջոցառումը ու այդպես գյուղը հավաքվում էր մի տեղում, շնորհավորում էին իրար ու վերադառնում տուն։ Այս տարի, քանի որ հանդիսությունների սրահը վերանորոգման փուլում է դրա համար այդ ամենը չկազմակերպվեց։ Մեծ մասամբ կազմակերպվում էր 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների կողմից։ Մի քանի օր առաջ դպրոցում կազմակերպել էին փոքրիկ ամանորյա միջոցառում, փակ միջավայրում։ Իսկ ամսի 31-ի գիշերը, գյուղի երիտասարդները, շատ սիրուն զարդարած տոնածառի մոտ դինամիկներ են գնել գյուղի համար, միացնում են երաժշտությունը և ուրախանում։ Ամանորյա միջոցառման ժամանակ, մեծամասամբ ծնողներն իրենք են գնում նվերներ, որպեսզի Ձմեռ պապը և Ձյունանուշը նվիրեն իրենց երեխաներին։ Վիճակահանություն էին արել այս տարի և, ով որ գումար էր տվել, իրենց պատահական նվերներ են բաժանել։ Իսկ միջոցառման ավարտին Ձմեռ պապը և Ձյունանուշը գյուղում ում տանը, որ երեխա կա, այցելում է նրանց»։
Ամանորը և Սուրբ Ծնունդն այն տոներն են, որոնք նշվում են ամենուր, բայց ինչպես տեսանք վերոնշյալ հարցազրույցներում, տարբեր գյուղերում այն կազմակերվում է տարբեր կերպ։