87 տարեկան Հերիքնազ Գյուլբեկյանը գոյատևում է սարսափելի ծանր ու մարդկային անտարբերության ճիրաններում:
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում, փլված մի օդայում իր կյանքի մայրամուտն է ապրում Հերիքնազ տատը: Հերիքնազ տատի միայնությունն էլ ավելի է մատնանշում իր կացարանը: Մութ ու ցուրտ սենյակի «լույսն ու ջերմությունն» է առաստաղից կախված միակ էլեկտրական լամպը:
Հարևանուհի տիկին Սուսանի խոսքերով, ծեր կինը ժամանակին իրեն մոր նման է խնամել, բոլորին լավություն է արել, իր բաժին հացը կիսել չքավորի հետ, սակայն այսօր իր ծերությունն անցկացնում է ծայրահեղ աղքատության մեջ:
«Շատ մաքուր ու բարեկիրթ կին էր: Գյուղում իր նման կին չկար, բոլորին էր հասնում: Հացթուխ էր աշխատում, թե ինչքան էր կարիքավորներին օգնում, բոլորը կարող են հաստատել: Իր եղբոր կինը մահացավ, 1 տարեկան երեխային ինքը մեծացրեց, այդպես իսկական մայրը չէր նայի: Հիմա ծերացել է, նայող չունի: Ես էլ ինչքան կարողանում եմ հաց եմ բերում, թեյ եմ բերում, բայց հո ամեն օր չեմ կարող գալ»,- պատմեց հարևանուհին:
Հերիքնազ Գյուլբեկյանն ամուսնացած բաժանված է և երեխա չունի, ամբողջ կյանքը նվիրել է իր քույր-եղբայրներին: Այսօր նրան ժամանակ առ ժամանակ օգնում է քրոջ որդին՝ Շոթա Հակոբյանը, ով միակն է նրա հարազատներից, որ գյուղում է ապրում:
«Ես չեմ կարող անընդհատ նրա հետ լինել, ես էլ ինձ համար ընտանիք ունեմ, մեր տուն չի գալիս ապրելու: Որդուս վիրահատեցին, դրա համար 3 օր է չէի տեսել: Իրեն խնամակալ է պետք, որ միշտ իր մոտ լինի»,- ասաց Շոթա Հակոբյանը:
Գորշ պատեր, ջարդրդված մահճակալ, թափթփված անկողին և 87-ամյա կնոջ դժգույն դեմք, ահա կարճ նկարագրությունն այն ամենի ինչ տեսանք:
Հերիքնազ տատը մեզ տեսնելիս ուտելու հաց խնդրեց. «Հաց փերել եք, հաց տվեք ուտեմ»: Հարևանի խոսքերով Հերիքնազ տատը ոչինչ չի կարողանում ինքնուրույն անել:
«Անցած տարի կրակ էր վառել, այնքան էր փայտի ճյուղերը լցրել, որ հազիվ փրկեցինք, չի գիտակցում ինչ է անում»,- ավելացրեց հարևանուհին, մատնացույց անելով սառը վառարանը:
Ինչպես մեզ գյուղում բացատրեցին, Հերիքնազ տատը ոչ մի սոցիալական ծրագրերից չի օգտվում: Միայն ծերության թոշակ է ստանում 216 լարիի չափով, որն էլ նրա քրոջ որդին է ստանում:
Չնայած ծայրահեղ ծանր պայմաններում է գոյատևում, միևնունն է Հերիքնազ տատը դառնացած չէ աշխարհից ու մարդկանցից: Նրա խոսքը լի է բարությամբ ու հավատքով:
Ակնհայտ է մի բան՝ Հերիքնազ տատը մարդկային անտարբերւթյան զոհ է: Այնինչ երիտասարդ տարիներին նա այդքան անխնա նվիրվել է իր հարազատներին:
Աղունիկ Այվազյան