Քաղաքապետարանի աշխատակազմին առընթեր Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի սոցիալական փաթեթում, որը դրամական օգնություն է տրամադրում որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց, 2025թ կմտցվեն փոփոխություններ։ Որոշ նպաստների և վճարումների չափերն ավելանում են, և առաջին անգամ Փաթեթից կարող են օգտվել մշտական ​​կացության թույլտվություն ունեցող այլ երկրների քաղաքացիները։

Բացի Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված Վրաստանի քաղաքացիներից, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական աջակցությունը, 2025 թվականից, հասանելի կլինի նաև այլ երկրների քաղաքացիներին, ովքեր Վրաստանում ունեն մշտական կացության թույլտվություն, գրանցված են Ախալքալաքում և բնակվում են այստեղ։

2025 թվականին քաղաքապետարանի սոցիալական աջակցության որոշ կետերում փոփոխություններ են մտցվել։

Բժշկական ծառայությունների ֆինանսավորմանն ավելացվել է հետևյալ կետը՝ 30%-ով կֆինանսավորվեն մինչև 18 տարեկան երեխաների բժշկական հետազոտությունների ծախսերը, բայց ոչ ավելի, քան տարեկան 300 լարի։

Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ֆինանսավորման ժամանակ տարեկան ֆինանսավորումը 1500 լարիից դառնում է 2000 լարի։

Եթե ​​մարդը հիվանդ է քաղցկեղով, ապա դեղորայք ձեռք բերելու համար նա արդեն կարող է տարեկան ստանալ 1200 լարի։

Մինչև 18 տարեկան երեխաների բուժման ֆինանսավորման համար հատկացվում է բուժման գումարի 30%-ը, բայց ոչ ավելի, քան 500 լարի։

Փոփոխություններ են կատարվել նաեւ նորածինների միանվագ նպաստում, բարձրացվել է առաջին եւ երկրորդ երեխայի նպաստի վճարը։

Ծնողներն իրավունք ունեն 12 ամսվա ընթացքում դիմել քաղաքապետարանի սոցիալական բաժին միանվագ օգնություն ստանալու համար։

  • 1-ին երեխայի ծննդյան ժամանակ՝ 350 լարի (նախկինում 250 լարի էր),
  • 2-րդ երեխա – 400 լարի (250 լարի էր),
  • 3-րդ երեխա – 500 լարի
  • 4-րդ երեխա – 800 լարի
  • 4-րդ երեխայից հետո յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նպաստի չափն ավելանում է 300 լարիով

Որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող ուսանողը (ստորև նշված) կարող է ստանալ ուսման արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 1125 լարի, միայն երկկողմանի ծնողազուրկ երեխաները կֆինանսավորվեն իրենց կրթության 50%-ի չափով, բայց արդեն առավելագույնը 2000 լարի։ Ուսումը ֆինանսավորվում է ոչ միայն Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այլ նաև այլ երկրներում։

Տեղական բյուջեից ֆինանսավորվում են հետևյալ ուսանողները.

  • Երկկողմանի ու միակողմանի որբերը
  • Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ուսանողները
  •  Բազմազավակ ընտանիքի ուսանողները
  • Սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողները
  • Ընտանիքում, որտեղ կան երեք և ավելի ուսանող, այս կատեգորիայի համար կարգավիճակը կարևոր չէ
  • Ուսանող, ում ծնողն առաջին կարգի հաշմանդամ է
  • Ուսանող -միայնակ ծնողները

Փոփոխություններ են կատարվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական նպաստների կետում

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք քաղաքապետարանից միանվագ կստանան 300 լարի։

Առաջին և երկրորդ կարգի անձինք, ովքեր ունեն մշտական ​​կարգավիճակ և տեսողության խնդիրներ, շարժվում են անվասայլակով, այլ անձի խնամքի կարիք ունեն, ունեն աուտիզմ, ունեն Դաունի համախտանիշ, էպիլեպսիա և նրանք, ովքեր հաշմանդամության կարգավիճակ ստացել են մանկուց, միանվագ կստանան 1500 լարի։

Քաղաքապետարանը ֆինանսավորում է նաև տեսողության դեգեներացիայի դեմ ակնաբուժական ներարկումները, նախկինում ֆինանսավորվում էր Ավաստինի ներարկումը, այժմ կֆինանսավորվի նաև «Վիզկյու»-ն, ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1200 լարի։