Քաղաքի արտաքին տեսքին վնաս պատճառելու համար տուգանքը 50-ից կդառնա 1000 լարի։ Խստացվում է նաև ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը խոչընդոտելու համար պատասխանատվությունը, որի տուգանքը ներկայումս կազմում է 1000 լարի։ Նաև հավաքների և ցույցերի նորմերը խախտելու համար տուգանքը 500-ից դառնում է 5000 լարի, իսկ կազմակերպելու համար՝ 5000 լարիից մինչև 15000։

Ներքին գործերի նախարարության համազգեստն ապօրինի կրելու համար տուգանքը կկազմի 2000 լարի։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժին խոչընդոտելու համար, բացի 1000 լարի տուգանքից, խախտողը 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից։

Խստացվում է նաև մունիցիպալ քաղաքների արտաքին տեսքին վնաս պատճառելու տուգանքի չափը։

Ավելի կոնկրետ՝ շենքերի ճակատների, ցուցափեղկերի, ցանկապատերի, սյուների վրա մակագրություններ, նկարներ, խորհրդանիշներ ինքնակամ նկարելը, ինչպես նաև այդ նպատակների համար չնախատեսված վայրերում բաններներ, կարգախոսներ, պաստառներ տեղադրելը կենթադրի տուգանք 1000 լարիի չափով։ Սույն արարքը կրկին անգամ կատարելու դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի։

Վարչական շենքերի ճակատային մասերին, ինչպես նաև հարակից տարածքներին, այդ թվում՝ հետիոտնային արահետներին և ավտոճանապարհներին մակագրություններ, նկարներ, խորհրդանիշներ նկարելը ենթադրում է տուգանք 2000 լարիի չափով։ Սույն արարքը կրկին անգամ կատարելու դեպքում տուգանքը կկազմի 3000 լարի։

Օրինագծի համաձայն՝ եթե, հաշվի առնելով դեպքի հանգամանքները և իրավախախտի ինքնությունը, այս միջոցը համարվի անբավարար, անձի նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի վարչական կալանքը՝ 15 օր ժամկետով։

Օրենսդրական այս փոփոխություններն արդեն երկու ընթերցմամբ ընդունվել են։ Դեկտեմբերի 13-ին կայանալիք նիստում խորհրդարանը դրանք կհաստատի երրորդ ընթերցմամբ: