Կոշիկի կոշկատակի պատկերված հայկական ծաղկած խաչը Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի բնակիչների բողոքի տեղիք է տվել, նրանք համարում են, որ դա կանխամտածված սրբապղծություն է։

Այսօր Բուռնաշեթ գյուղի բնակիչների մի խումբ կոշկատակին խաչ պատկերված մի զույգ կոշիկ էին ցույց տալիս տարբեր կառույցների աշխատակիցներին, արտահայտելով իրենց զայրույթը: Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։

«Այսօրվա դրությամբ այս հարցը մեզ համար այնքան կարևոր է, որ կարտոֆիլի վաճառքը թողած եկել ենք այս հարցով զբաղվենք»,- ասում է Բուռնաշեթ գյուղի բնակիչ Մուրադ Սիրականյանը։

Չնայած, որ կոշիկի վրա գրված չէ, թե որտեղ է արտադրված, բայց բուռնաշեթցիները պնդում են, որ այն Թուրքիայում է արտադրվել:
«Մենք նյարդայնացել ենք նրա համար, որ մեր հայկական խաչը ոտքի տակ են առել։ Սրանք թուրքական կոշիկներ են, Չինաստանը կոշիկի տակ խաչ չի դնի։ Մենք համացանցով կգտնենք կոշիկ արտադրող կազմակերպությունը և կբողոքենք նման վերաբերմունքի համար», – ասաց Սարգիս Ավագյանը։

Վերջինս կոշիկները գնել էր Ախալքալաքի առևտրական կենտրոններից մեկում և սկզբից չէր նկատել կոշկատակի խաչը: Երբ նկատել է, ասել է դրա մասին համագյուղացիներին և նրանք համախմբվել են, որ ճշտեն, թե ո՞վ է նման բան արել և ինչու՞:

Սակայն ճշտել դա դժվար է: Կոշիկը արտադրված է «Pros Perous» պիտակի տակ, սակայն դա հայտնի «Prosperous» ընկերությունը չէ, քանի որ լոգոտիպը տարբեր է: Կոշիկը արտադրողի մասին տեղեկություն չկարողացանք գտնել համացանցում, իսկ վաճառողը, ումից կոշիկը գնել էր Սարգիս Ավագյանը, ասաց որ այն գնված է «Լիլո» տոնավաճառից և այդ զույգը միակն է եղել ընդհանուր խմբաքանակի մեջ, որը խաչով է: Վաճառողը ևս վրդովված էր կոշկատակի խաչի առկայության պատճառով:

Բուռնաշեթցիներն ասում են, որ վաճառողը մեղավոր չէ:

«Լրիվ կոշիկները կգնենք, խաչերը կհանենք ու կվառենք: Սա անթույլատրելի բան է, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե միայն խաչի տեսք լիներ, բայց սա հենց հայկական խաչն է։ Վրաստանն էլ է քրիստոնեա պետություն, և անցակետերում նման բաներին պետք է ուշադրություն դարձնեն։ Այս ամենը կարելի է որակավորել կրոնական խտրականություն», – ասաց Բուռնաշեթ գյուղի բնակիչ Կոստան Նորվարդյանը։

Բուռնաշեթցիները այս հարցով դիմել են նաև Ախալքալաքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին, Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը և տեղական իշխանությանը, հուսալով, որ այս հարցը կստանա որոշակի լուծում։

Ջուլիետա Տոնականյան