Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը կանգնած է կրիտիկական փուլի առաջ, քանի որ կորցնում է անդամակցությունը որակի կառավարման եվրոպական երկու հեղինակավոր կազմակերպություններին` Որակի ապահովման եվրոպական ռեգիստրին (EQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA): Այս զարգացումը լայն անհանգստություն է առաջացրել փորձագետների, ուսանողների շրջանում, քանի որ այն կարող է երկարատև ազդեցություն ունենալ երկրի ակադեմիական վստահության և միջազգային ինտեգրման վրա:
Կրթության փորձագետների կարծիքով՝ ENQA-ին անդամակցության կորուստը և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների EQAR-ում գրանցման չեղարկումը նշանակում է, որ Վրաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգն այլևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ինչը բացասաբար կանդրադառնա Վրաստանի կրթական համակարգի, նրա նկատմամբ վստահության և երկրի միջազգային հեղինակության վրա:
Վրաստանի ԲՈՒՀ-երի կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակի հուսալիությունը կասկածի տակ կդրվի, իսկ արտերկրում ուսանողների և շրջանավարտների կրեդիտների ու դիպլոմների ճանաչումը խնդրահարույց կդառնա, հատկապես՝ Եվրամիության և Բոլոնիայի գործընթացի անդամ երկրներում/Միացյալ Եվրոպական կրթական տարածքում: Վտանգված կլինեն Վրաստանի ԲՈՒՀ-երի կողմից իրականացվող և՛ ընթացիկ, և՛ նախատեսվող համատեղ միջազգային կրթական ծրագրերը, որոնք շրջանավարտներին, այսպես կոչված՝ կրկնակի գիտական աստիճան են շնորհում: Բարձրագույն կրթության միջազգայնացման, այդ թվում՝ միջազգային շարժունակության և համագործակցության այլ տեսակների, ինչպես նաև միջազգային ուսանողների ներգրավման ցուցանիշները կտրուկ կվատթարանա։ Սա բացասաբար կանդրադառնա ինչպես ուսուցման որակի, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների եկամուտների վրա։
Կրթության որակի ազգային կենտրոնի անդամակցությունը կասեցնելու որոշմանը նախորդել է 2024 թվականի ապրիլին որակի կառավարման եվրոպական ասոցիացիայի գնահատականը։ Այն ժամանակ ENQA-ի փորձագիտական խումբը հայտնաբերել էր որակի ապահովման եվրոպական չափանիշների խախտում։ Մասնավորապես, նշվել է կրթության որակի զարգացման կենտրոնի անկախ և ինքնավար գործունեության մեջ քաղաքական ազդեցության առկայությունը, որի շրջանակներում որակի ապահովման համակարգը օգտագործվում է որպես բուհերի վրա քաղաքական ճնշման մեխանիզմ:
Ներկայիս գործընթացների մասին հայտարարությունը տարածել են փորձագետներ Իրինե Դարչիան, Լիկա Ղլոնտին, Մարինե Չիտաշվիլին և Քեթի Ցոտնիաշվիլին։
Իսկ ի՞նչ են մտածում ուսանողներն ու դասախոսները, ի՞նչ կարծիք ունեն նրանք տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Այս մասին Jnews-ը զրույց է ունեցել ԹՊՀ-ի պրոֆեսոր, հայագետ, ինչպես նաև Էթնիկական և կրոնական հարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավայի հետ, ում գնահատմամբ կրթական համակարգը վտանգված է:
Նրա խոսքով, երբ որևէ եվրոպական կազմակերպություն որոշում է կասեցնել որևէ երկրի անդամակցությունը, դա նշանակում է, որ այս երկիրը կրթության ոլորտում շատ մեծ խնդրի առաջ է կանգնելու՝ լինի դա դիպլոմների ճանաչում, փոխանակման ծրագրեր, համատեղ ծրագրեր, միջազգային դրամաշնորհներ և մրցույթներ, ինչը, իհարկե, ազդում է կրթական համակարգի վրա:
«Ցավոք, այս որոշումը ևս մեկուսացված չէ այն ընդհանուր գործընթացից, որը տեղի է ունենում այսօր, ոչ միայն կրթական ոլորտում, այլ նաև բոլոր ուղղություններով, Վրաստանը հեռանում է եվրոպական և արևմտյան կրթական, քաղաքական, ռազմական անվտանգ տարածքից, ինչը շատ լուրջ խնդիր է մեր երկրի համար, որը գործնականում նշանակում է անկախության կորուստ, և սա ամենալուրջն է այս պատմության մեջ։ Ուստի մեր ուսանողները, ովքեր ազատ էին մեկնել արտերկիր, այլեւս այս շքեղությունը չեն ունենա։
Ուսանողները պետք է պայքարեն որակյալ կրթության իրավունքի համար, բողոքեն և ստիպեն կառավարությանը դադարեցնել հակաեվրոպական գործընթացը»:
Ուսանողները ևս մտահոգված են առկա իրավիճակից:
Արևելյան Եվրոպայի համալսարանի հանրային կառավարման միգիստրոսական ծրագրի ուսանող Թոռնիկե Մառուաշվիլին ևս կոչ է անում ուսանողներին իրենց ձայնը բարձրացնել ստեղծված իրավիճակում ինչ որ փոփոխիւթյան հասնելու համար:
«Կրթությունը մարդու կյանքի անվերապահ և կարևորագույն գործոն է, որը նպաստում է ինչպես անհատի, այնպես էլ պետության զարգացմանն ու առաջընթացին։ Երբ մենք կրթություն ենք ստանում, ավելի լավ պայմաններում, համապատասխան աշխատավարձով աշխատանքի անցնելու հավակնություն ունենք, իսկ որոշ դեպքերում մեր նպատակն է սկսել աշխատել (ֆիզիկապես կամ առցանց) դրսում, արևմտյան երկրներում, որտեղ աշխատավարձը բարձր է։ Մենք ֆիզիկապես չենք կարողանա դա անել, եթե չունենանք ճանաչում, և մեր դիպլոմի որակը չի համապատասխանի եվրոպական չափանիշներին։ Ուստի անհրաժեշտ է, որ բոլոր երիտասարդներն ու ուսանողները իրենց ձայնը բարձրացնեն, հակադրվեն ստեղծված իրավիճակում առկա իրականությանը, որը մեզ կանգնեցնում է վերը նշված վտանգի առաջ։ Հակառակ դեպքում կրթությունն անիմաստ կլինի, և մենք չենք ունենա սովորելու և զարգանալու մոտիվացիա։ Այս դեպքում այն ամրապնդում է ներկայիս, այսպես կոչված, պետական համակարգը, որի հիմնական նպատակը երկրում քիչ կրթված մարդիկ ունենալն է, ինչը երաշխավորում է, որ նրանք ավելի քիչ դիմադրող կլինեն ռուսական ներկայիս բռնապետական իշխանությանը»։
Կրտսեր իրավաբան, ԹՊՀ-ի նախկին ուսանող Մաիկո Օմանաձեն կարծում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հանդիպումներ օտարերկրյա՝ եվրոպացի գործընկերների հետ, հաշվի առնել նրանց խորհուրդները ևս: Նրա գնահատմամբ կրթական համակարգում սա(Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի անդամակցության կասեցումը որակի կառավարման երկու եվրոպական կազմակերպությունների՝ Եվրոպական որակի ապահովման ռեգիստրի (EQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) հետ) հանդիսանում է ֆունդամենտալ խնդիրներից մեկը:
«Այս որոշման արդյունքում միջազգային անվտանգությունը, ուսանողների փոխանակման ծրագրերը, եվրոպական տարբեր արժեքներով նախագծերն ավելի դժվար կդառնան վրացական ցանկացած բուհի համար, քան հիմա են։ Երկրի բարձրագույն կրթությունը կկորցնի եվրաինտեգրման հետ կապված առավելությունները, ինչը մեզ համար հեշտացնում էր այլ երկրների ներկայացուցիչների հետ շփումը, հետադարձ կապ ստանալը և կրթություն ստանալը։ Այս որոշումից առաջ մեր երկրի կրթական համակարգը ուներ հնարավորություն եվրոպական կրթական համակարգում ինտեգրվելու, բայց անդամակցության դադարեցմամբ ցանկացած բուհ իզոլացման տակ կլինի և սա վատ կանդրադառնա ոչ միայն ուսանողների, այլ նաև դասախոսների, հետազոտողների և կրթական համակարգի ցանկացած ներկայացուցչի համար:
Բողոքի ցույցերում իրար կողք կողքի լինելն առաջին քայլն է, եթե ցանկանում ենք ազատ և անկախ երկիր ունենալ, պետք է իրար օգնելով և համերաշխություն ցուցաբերելով կերտենք եվրոպական և հաջողակ Վրաստան: Ռուսաստանը մի երկիր է, որը սպանում է ամեն տեսակի լավը, դատապարտում է ընդդիմադիր հայացքները ու տանում է դեպի անդունդ։
Կոչ եմ անում երիտասարդներին հաշվի առնել միմյանց կարծիքն ու շահերը, քանի որ, եթե մենք իրար կողքի չկանգնենք և եթե մենք մեր կրթական համակարգի բարելավման համար չպայքարենք, դա մեր փոխարեն ոչ ոք չի անի: Վստահ եմ, որ այս ամեն ինչը վերջանալու է մեր հաղթանակով, քանի որ մենք արժանի ենք ապրելու հաղթած, եվրոպական և հաջողակ Վրաստանում»:
Այս մասին սոցիալական հարթակներով ակտիվ քննարկում են ոլորտի մասնագետները, մեծամասնության կարծիքով սա մեծ հարված է Վրաստանի կրթական համակարգի համար: